Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն կլինի այլ բովանդակություն. ՀՌՀ նախագահ

Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները Հայաստանի հանրային մուլտիպլեքսում կփոխարինվեն մշակութային կամ գեղարվեստական ծրագրով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով 2023թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը։

Մարտի 29–ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

«Քաղաքացիական պայմանագիր» դաշինքի պատգամավոր Սոնա Ղազարյանը հարցրեց, թե ինչու է Հայաստանում սահմանափակվում միայն Վլադիմիր Սոլովյովի հաղորդումը, բայց ոչ, օրինակ, Դմիտրի Կիսելյովինը, որ, ըստ նրա, նույնպես հակահայկական է ու հակապետական է։

Տիգրան Հակոբյանի խոսքով ՝ Sputnik Արմենիա ռադիոկայանի և այն վերահեռարձակող «Տոսպա»-ի դեպքում հանձնաժողովը լիարժեք գործիքակազմ ունի բովանդակության դեմ պայքարելու համար, ինչն էլ արվել է (նկատի ունի Sputnik ռադիոկայանի եթերազրկումը 30 օրով)։

«Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, ապա դրանք գործում են միջկառավարական պայմանագրի շրջանակներում, և հանձնաժողովի լիազորությունն է մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմել և ուղարկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն»,- նշեց Հակոբյանը` հավելելով, որ մինչև վերջերս նախարարությունը իրենց արձանագրած խախտումների վրա ուշադրություն չէր դարձնում։

Տիգրան Հակոբյանը միաժամանակ կոչ արեց չօգտագործել «հակահայկական» բառը հաղորդումների ներկայացման համատեքստում։ Ըստ նրա` խոսքը պետք է լինի օրենսդրության խախտումների մասին։

Հիշեցնենք` Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2020թ․ դեկտեմբերի 30-ից գործում է զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը կարգավորում է ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում և հայկական հեռուստաալիքներինը ՌԴ–ում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930