2 տարի առաջ առկա քարտեզներն այլևս գոյություն չունեն. կա՛մ ոչնչացվել են, կամ իշխանությունը թաքցնում է
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով»,-այսօր Ազգային ժողովի (ԱԺ) հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Վերջինս կետ առ կետ նշեց ադրբեջանական կողմի մանիպուլյացիաներն ու կեղծիքները:
«Առաջին կետում` իշխանությունը նշում է, մեջբերում եմ` «Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա»: Սա բացարձակ սուտ է: Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը` «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունն է, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հողօգտագործման և հողաշինարարության գերատեսչությունների ղեկավարների կողմից և հաստատվել երկու երկրների կառավարության ղեկավարների առաջին տեղակալների կողմից: Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը հաստատել էր լուսահոգի Վլադիմիր Մովսիսիյանը: Արձանագրությանը կցված է եղել 182 սահմանազատման քարտեզ, որը վերաբերում էր 975 կմ սահմանի երկայնքին: Ընդ որում քարտեզները շատ ճգրիտ էին` մեկ սանտիմետրում արտացոլված էր 250 մետր: Արձանագրության և քարտեզների բնօրինակը հանձնվել է Մոսկվային, իսկ երեքական պատճեն տրվել է Հայաստանին և Ադրբեջանին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Տիգրան Աբրահամյանը բացատրեց՝ ինչո՞ւ են այդ քարտեզները կարևոր:
«Օրինակ, թեկուզ այն պատճառով, որ նույն Տավուշի հետ կապված Արձանագրության 6-րդ կետում նշված է, որ Բաղանիսին և Ոսկեպարին փոխհատուցվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչների կողմից Հայաստանի զավթված տարածքներին հավասար մեծության տարածք։ Կարծում եմ, որ բոլորին էլ պարզ է, թե ինչ կարևորություն ունեն այդ քարտեզները: Մեր ձեռքի տակ է պաշտոնական փաստաթուղթ, որ 2022 թվականին, այդ քարտեզները դեռևս պահվում էին Հայաստանի Կադաստրի կոմիտեում: Միաժամանակ մեր ձեռքի տակ է նաև մեկ այլ պաշտոնական փաստաթուղթ, որ այդ քարտեզները այս պահին արդեն առկա չեն:
Փաստորեն` 2 տարի առաջ առկա փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն: Եվ եթե փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն, ապա հարց է առաջանում, թե ինչով է առաջնորդվում ներկայումս Հայաստանի կառավարությունը,օրինակ` ստրատեգիական անչափ մեծ կարևորություն ունենցող Բաղանիսի և Ոսկեպարի տեղամասում սահմանազատում կատարելիս։
Նաև այս հանգամանքն է, որ համոզմունք է ձևավորում, որ սահմանների ճշգրտման անվան տակ սեփական իշխանությունը երկարաձգելու համար ընդամենը միակողմանի զիջումներ են իրականացնում, որոնք ուղիղ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը: Կադաստրի ենթակայության տակ գտնվող պետության համար կարևորություն ներկայացնող քարտեզները կա´մ ոչնչացվել են, կա´մ իշխանությունը փորձում է դրանքթաքցնել: Երկու դեպքում էլ խոսքը գնում է առանձնապես ծանր քրեական հանցագործության մասին: Դատախազությանը պետք է այս հայտարարությունը ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում: Դելիմիտացիային ու դեմարկացիային վերաբերվող մյուս կարևոր խնդիրներին,որոնք ոչ պակաս աղմկահարույց են, կանդրադառնամ այլ ֆորմատով»,-եզրափակեց Տիգրան Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: