Պայքարի օջախը պետք է Տավուշից տեղափոխվի Երևան. թշնամին Տավուշի համար պատերազմ չի սկսի, պատերազմը լինելու է Սյունիքում՝ «միջանցքի» համար. Աշոտ Սևյան

Տավուշի մարզում ՀՀ իշխանությունների սկսած Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացին զուգահեռ՝ տավուշցիների բողոքի ակցիաները շարունակվում են։ Ապրիլի 21-ից փակ է Կիրանց-Ոսկեպար ճանապարհը, բնակիչները պահանջում են ՀՀ իշխանություններից դադարեցնել սկսած գործընթացը, որը ոչ թե սահմանազատում է, այլ միակողմանի զիջում Ադրբեջանին, ինչն իրենց զրկում է սեփական հողից ու տներից։

168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանն ասաց՝ Տավուշում մեկնարկած պայքարը վաղուց արդեն Երևանի կենտրոն պետք է տեղափոխած լինեին։

«Այս մարդիկ իրենց քաղաքականությունը վարում են Երևանից, հետևաբար՝ որքան էլ Տավուշում պայքարեն, սրանք հողեր հանձնելու իրենց գործողություններն անելու են, դա պետք է Երևանի կենտրոնում կանխվի։

Մի քանի օր է՝ ՀՀ տարբեր մարզերում եմ շրջում, Նիկոլն արդեն թշնամու համար ճանապարհներ է սարքում։ Մեր բյուջեի հաշվին, ՀՀ քաղաքացիների հարկերով թշնամու համար ճանապարհ է սարքում, թե ադրբեջանցիները որտեղից պետք է գան ու որ ճանապարհներով պետք է գնան։

Կարդացեք նաև

Կիրանցի ճանապարհը փակելով, հարցին լուծում չի լինելու։ Իհարկե, այդ մարդկանց պայքարի ձևն էլ դա է, բայց հիմա դա ապարդյուն է, պետք է Երևանում պայքարեն, տեղային պայքարով որևէ բան չեն փոխելու»,- վստահեցրեց Աշոտ Սևյանը։

Ըստ ազատամարտիկի, Սևանում կամ Գյումրիում ճանապարհներ փակելով՝ որևէ բան չեն կարող անել, ավելին՝ իշխանությունների ուզածն էլ հենց հատվածական պայքարն է, և կողքից դիտողների մոտ տպավորություն է, թե այն, ինչ անում է իշխանությունը, ժողովրդի սրտով է։

«Հիմա իշխանությունը որքան էլ ժողովրդին ահաբեկի, թե՝ եթե տարածքներ չտանք՝ պատերազմ է լինելու, ասեմ՝ այսպես թե այնպես, պատերազմ լինելու է, այն երբեք էլ չի դադարել։ Բայց թշնամին Կիրանցի կամ Տավուշի համար պատերազմ չի սկսի, պատերազմը լինելու է Սյունիքում՝ «միջանցքի» համար, Տավուշում իր անելիքներն ավարտելուց հետո գործողությունները տեղափոխելու է Սյունիք։

Դուք չեք պատերացնում, թե Տավուշում ինչ մարտական դիրքեր են զիջել թշնամուն, ինչ պաշտպանական հենակետեր, թեպետ ռազմական գործից հասկացողներն այդ ամենը շատ լավ գիտեն։ Եթե իրականում իշխանությունն ապահովեր 100 տոկոսանոց անվտանգություն, որ այդ տարածքները զիջելով՝ պատերազմ չի լինի, սա հասկանալի կլիներ, բայց այս իրավիճակում այդ տարածքների զիջումն ունենալու է աղետալի հետևանքներ։ Նիկոլի տեղադրած սյուները Հայաստանին ու հայ ժողովրդին չի պաշտպանելու թշնամու վտանգից։ Հիմա երկու տարբերակ կա՝ կա՛մ այս «կալոդին» պետք է հանել ու ռադ անել, կա՛մ պետք է պատրաստվել պատերազմի, չնայած սրանց հետ պատերազմի պատրաստվել, նշանակում է՝ այս գլխից կրել պարտություն»,- շեշտեց Աշոտ Սևյանը։

Ազատամարտիկի խոսքով՝ սահմանամերձ շրջաններում մարդկանց մոտ այնպիսի վիճակ է, որ արդեն համեմատություններ են տանում Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի միջև՝ ասելով, թե՝ ի՞նչ տարբերություն, Ալիև՞ը, թե՞ Նիկոլ Փաշինյանը։

Նրա դիտարկմամբ՝ այսօր իշխանության նպատակը երկրում քաոս ստեղծելն է, որպեսզի հետո ասեն՝ չկա պետություն, չկա պատասխանատու, այսինքն՝ այնպես անեն, ավերեն երկիրը, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ այս պահին պետք է համախմբվել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, քանի որ Բագրատ սրբազանը Տավուշում իր օրինակով ցույց տվեց, որ նման բան հնարավոր է, Աշոտ Սևյանն ասաց՝ նման բան հնարավոր է, բայց կրկին պայքարի օջախը պետք է Տավուշից տեղափոխվի Երևան։

«Ժամանակին, երբ ասում էինք, որ Արցախը շրջափակման մեջ է, Երևանում նստած մարդիկ այնքան այլասերված էին, որ ասում էին՝ մենք չենք խառվում Արցախի գործերին, որ Հայաստանում պատերազմ չլինի։ Անկախ ամեն ինչից, հիմա այս պայքարում չպետք է փնտրես ինչ-որ առաջնորդների, պայքարի ընթացքում են առաջնորդներն ի հայտ գալիս։

Ես մի մտավախություն ունեմ՝ եթե այս պայքարը չհաջողի, իշխանությունները մարդկանց տրամադրելու են եկեղեցու և հավատքի դեմ, ասելու են՝ տեսաք, եկեղեցին էլ ձեզ թողեց։ Այսինքն՝ իշխանությունը հիմա լծված է այդ գործին՝ մարդկանց մոտ կոտրել կրոնն ու հավատը։ Տեսանք՝ այն զինվորականներին ինչ արեցին, որոնք եկել էին Կիրանց, նրանց օրինակով ուղղակի ցույց տվեցին, թե՝ տեսեք, ովքեր են զինվորները։

Դե, մեր ազգին գիտենք՝ մարդուն կարող են մի օր հերոս սարքել, հաջորդ օրը՝ դավաճան։

Թշնամին հիմա միլիարդ դոլարներ է ներդնում ճանապարհների կառուցման համար, Նախիջևանից ու այլ հատվածներից, նրանց հույս են տվել, չէ՞, որ օգտագործելու է դրանք դեպի Հայաստան, դրա համար էլ միլիարդներ է ծախսում։ Գիտի, որ մի քանի տարի հետո կրկնակին է ստանալու։ Հայաստանի իշխանությունը թշնամուն 100 տոկոսանոց «գարանտիա» է տվել»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։

Տեսանյութեր

Լրահոս