Իշխանությունն անփառունակ ձևով փակեց Արցախի էջը, հիմա էլ ՀՀ գոյության իրավական հիմքերն է դնում Ադրբեջանի սեղանին. Գոհար Մելոյան

Երեկ Արդարադատության նախարարությունն անդրադարձել էր Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացին և պաշտոնական հաղորդագրությամբ պատասխանել էր, ըստ նախարարության՝ «տարածվող մի շարք կեղծիքների»։ Նախարարության հաղորդագրության մեջ ներկայացված է հինգ հարց՝ հինգ պատասխաններով։ Պաշտոնական հաղորդագրությամբ նախարարությունը վերահաստատում է իշխանությունների հայտարարությունները, թե այս գործընթացով ՀՀ պետական սահմանի փոփոխություն տեղի չի ունենում։

168.am հետ զրույցում «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը խոսելով Ադրբեջանի հետ ՀՀ իշխանությունների իրականացրած սահմանազատման գործընթացի իրավական հիմքերի բացակայության և Արդարադատության նախարարության ներկայացրած հաղորդագրության մասին, նկատեց՝ այն Արդարադատության նախարարության կողմից շատ մանիպուլյատիվ հայտարարություն է, քանի որ իշխանությունների կողմից հնչեցրած թեզերն իրավահեն չեն, դրանք ավելի շատ պարունակում են մանիպուլյատիվ տարրեր։

«Հիմա Արդարադատության նախարարությունն այդքան շատ չշրջանառվող թեզեր է հորինել և փորձում է գերծանրաբեռնված իրավական եզրութաբանությամբ անկողմնակալ հանրությանը գցել մոլորության մեջ։ Խնդիրն այն է, որ իշխող ուժի կողմից շատ վտանգավոր ուղերձ է՝ ուղղված հանրությանը, որ մեծ ջանասիրությամբ փորձում են հիմնավորել Տավուշում եղած այդ հողերի ադրբեջանական հող լինելը։ Եթե հետևենք ադրբեջանական լրահոսին, անգամ ադրբեջանցի պաշտոնյաներն այդքան փութաջանորեն չեն աշխատում հիմնավորումներ բերել, որքան ՀՀ իշխանությունը։ Ադրբեջանում տոնում են «ադրբեջանական հողերի վերադարձը», իսկ մեզ մոտ դրան զուգահեռ՝ իշխանությունը հիմնավորում է հայկական գյուղերի «ադրբեջանական լինելը»։

ՀՀ իշխանությունը հղում է անում Ալմա Աթայի հռչակագրին՝ ասելով, թե հայտնի սկզբունքի վրա են անում սահմանազատումը, իսկ հռչակագրի հայտնի սկզբունքը ենթադրում էր, որ այն ստորագրած 11 պետությունները հարգում են միմյանց պետական սահմանները և տարածքային ամբողջականությունը՝ այդ պահի դրությամբ Խորհրդային Միության փլուզումից հետո»,- նշեց Գոհար Մելոյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ եթե իշխանությունն Ադրբեջանի հետ հստակ սահմանազատման աշխատանքներ է իրականացնում, ապա ինչո՞ւ հստակ չեն պատասխանում ուղղակի հարցադրումներին, թե ո՞ր քարտեզների հիման վրա է տեղի ունենում սահմանազատումը։ Փոխարենը՝ մշտապես տալիս են ոլոր-մոլոր, խուսափողական պատասխաններ։

Մեր զրուցակիցը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի ամռանը տեղի ունեցած ասուլիսը, որի ժամանակ նա հայտարարեց, որ «անկլավները» ևս ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, որի վերաբերյալ նաև ստորագրված փաստաթուղթ կա։

«Նույն Արդարադատության նախարարությունը հղում է կատարել, թե կոնկրետ գյուղեր կան, որոնք ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում հստակ նշված են՝ որպես ՀՀ մասի մեջ մտնող գյուղեր, խոսքը տվյալ պարագայում Տավուշի չորս գյուղերի մասին է, այդ թվում՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի, մոռանալով նշել, որ Նիկոլ Փաշինյանը դրանք ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Բացի այդ, հիմա արդեն սահմանային փոփոխություններ են կատարվելու, որից հետո բխելու են լրացուցիչ այլ աշխատանքներ, իսկ մայիսի 4-ին սահմանազատման աշխատանքները պետք է բերվեն վերջնական տեսքի։ Հուլիսի 1-ին վերջնաժամկետ է տրված, այսպես կոչված, նկարագիր արձանագրություն կազմելու համար, որը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի հիմքն է։ Այդ ստորագրված փաստաթղթի մեջ նշված է, որ «Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքի հիման վրա է աշխատանքներ անելու, եթե այդ փաստաթղթով լրացուցիչ այլ սկզբունքներ նախատեսված չի լինում»։

Այս «այլ սկզբունքներ» եզրույթն իրավական հիմք է տալիս Ադրբեջանին հետագայում անգամ Ալմա Աթայի հռչակագրից վերացնելու և լրացուցիչ տարածքային պահանջներ ներկայացնելու Հայաստանին։ Առավել ևս, որ լրահոսում հայտարարություններ են տարածվում, որ Նիկոլ Փաշինյանը Տավուշի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ չեն կարող երաշխավորել նրանց անվտանգությունը»,- հավելեց սահմանադրագետը։

Շարունակելով միտքը, Գոհար Մելոյանն ընդգծեց՝ եթե մի իշխանություն հայտարարում է, որ ի վիճակի չէ երաշխավորելու իր պետության ցանկացած հատվածում գտնվող քաղաքացու անվտանգությունը, ապա այդ իշխանությունը չի կարող մնալ իշխանության։

Ավելին՝ իշխանությունը փորձում է  միջազգային իրավունք բանեցնելով՝ առաջ տանել Տավուշում մեկնարկած գործընթացը և հայ հասարակության ու միջազգային հանրության մոտ հիմնավորել, թե դրանք հայկական տարածքներ չեն։

Այդուհանդերձ Գոհար Մելոյանի կարծիքով՝ պետք է լիներ հանրաքվե, ՀՀ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիները տային իրենց համաձայնությունը, որ անգամ, եթե գեոդեզիայի արդյունքում որոշ տարածք համարվել է ադրբեջանական, և դրանք պետք է զիջեն, միայն այդ պատվիրակումը ստանալուց հետո, դրա հիման վրա կատարեին սահմանազատման աշխատանքներ։

«Այդ նպատակով է սահմանադիրը 205 հոդվածով սահմանափակել պետական իշխանություններին, որ տարածքների փոփոխության հետ կապված հարցերը լուծում են հանրաքվեով։ Այսինքն՝ այս լիազորությունը սահմանադիրը տվել է ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացուն, որը հերթական անգամ վերացվում է։

Իշխանությունն անընդհատ շրջանառում է փոխզիջում եզրույթը, այն դեպքում, երբ այս ամենը բացառապես միակողմանի զիջումներ են՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ից։ Անգամ այն կետը, որը վերաբերում է պահվող անձանց ու գերիներին, որ բոլորը բոլորի դիմաց պետք է վերադարձվեն, այս իշխանությունը կյանքի չի կոչում։

Այս իշխանությունն անգամ չի կարողանում Ադրբեջանի կողմից գրավոր ստորագրված, ստանձնած պարտավորությունը կյանքի կոչել։ Մինչդեռ Ադրբեջանն այս համատեքստում Հայաստանին նոր պահանջներ է ներկայացնում, մասնավորապես՝ Սահմանադրությունը փոխելը։

Սրանով ցանկանում են մեծ հարցականի տակ դնել ՀՀ իրավական հենքերը։ ՀՀ իշխանությունն անփառունակ ձևով փակեց Արցախի էջը, հիմա էլ ՀՀ գոյության իրավական հիմքերն է դնում Ադրբեջանի սեղանին»,- եզրափակեց Գոհար Մելոյանը։

Տեսանյութեր

Լրահոս