Հանձնաժողովներն ի՞ նչ իրավական ակտի հիման վրա են գործում. դա ոչ լեգիտիմ, հակասահմանադրական գործընթաց է. Վարդան Այվազյան
Արդարադատության նախարարությունը երեկ որոշել էր պատասխանել սահմանազատման և սահմանագծման գործընթացների վերաբերյալ հանրային, քաղաքական ու մասնագիտական տարբեր շրջանակներին մտահոգող և հրապարակավ բարձրացված մի շարք թեզերի։
Հիշեցնենք՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դեռ 2022 թվականին ընդգրկվել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում։
Առաջինը, ինչ պնդել է նախարարությունը, վստահեցումն է, թե հանձնաժողովների միջև ստորագրված արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող լինել ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին։
Նախարարության այս պնդումը, ի դեպ, հերքում էին, օրինակ, կիրանցիները, երբ լրագրողներին հենց Կիրանցում ցույց էին տալիս իրենց սեփականության վկայականները, նշում, որ իրենց հողամասի, տան միջով է անցնելու նոր սահմանը։
ԱՆ-ը նաև անդրադարձել է մասնագետների բարձրացրած այն պնդմանը, թե Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, նրա գործունեության վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ, և հանձնաժողովն իրավունք չունի որևէ որոշում կայացնելու:
«ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ Վարչապետի 23.05.2022թ. N 570-Ա որոշմամբ, իսկ հետագայում՝ արդեն Կառավարության 14.12.2023թ. թիվ 2154-Ա որոշմամբ հաստատվել է երկու երկրների հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը,- նշված է պարզաբանման մեջ՝ հավելմամբ,- Նշված երկու որոշումների բովանդակությունից և անգամ ՀՀ հանձնաժողովի անվանումից ուղղակիորեն բխում է՝ հանձնաժողովի՝ ՀՀ Կառավարության և Վարչապետի կողմից ստացած մանդատը երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և ՀՀ սահմանային անվտանգության հարցերով նիստեր, հանդիպումներ անցկացնելու և այդ հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերելու: Ընդ որում՝ աշխատակարգի 2.1-ին և 2.2-րդ կետերի համաձայն՝ նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրվում է երկու Հանձնաժողովների նախագահների կողմից»:
Թե որքանո՞վ են իրավական այս հանձնաժողովի ստեղծման հիմքերը և մեկնարկած գործընթացն, առհասարակ, 168.аm-ը հետաքրքրվեց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանից։
«Այդ խնդիրը միջպետական հանրային իրավահարաբերության խնդիր է, այսինքն՝ այդ սահմանագծման, սահմանազատման մեթոդաբանության, դրա կանոնակարգի վերաբերյալ առաջին հերթին պետք է լիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական համաձայնություն, այդ միջազգային փաստաթուղթը պետք է վավերացվեր ԱԺ կողմից, որի հիման վրա իրականացվեր այդ գործընթացը։ Եվ եթե այդ գործընթացի արդյունքում կստացվեր իրավիճակ, որ ՀՀ-ի տարածք պետք է անցներ Ադրբեջանին, խնդիրը պետք է դրվեր հանրաքվեի։
Այժմ՝ միջպետական գերատեսչական հանաձնաժողովներն ի՞ նչ իրավական ակտի հիման վրա են գործում, ի՞նչ իրավական ակտով է նախատեսված իրենց իրավասությունը, ի՞նչ փոխադարձ հաստատված մեթոդաբանությամբ են որոշում սահմանագծումն ու սահմանազատումը, և հարյուրավոր հարցադրումներ կարող ենք անել, որոնց պատասխանը չկա։
Հետևաբար՝ եզրակացությունը մեկն է՝ դա ոչ լեգիտիմ, ապօրինի, հակասահմանադրական գոծընթաց է»։
Ի դեպ, հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ արտգործնախարարությունը տարածել էր ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ հայտարարությունը կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Մասնավորապես ներկայացված է, որ կողմերը Համաձայնել են, որ «կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված:
Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն»: