Բաժիններ՝

Ինչու կառավարությունը հետաձգեց պարտադիր վճարների գանձման ժամկետը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առաջարկեց հետաձգել սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետի երկարաձգումը մեկ տարով՝ ժամկետը երկարաձգելով մինչև 2018թ. հուլիսի 1-ը: Հարցին՝ արդյոք կառավարությունն այդպիսով ընդվզումների՞ց է խուսափում, կառավարության նիստի ավարտից հետո ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ հիմնավորումը հստակ է.

«Քանի որ Հարկային օրենսգրքով վերանայումներ են կատարվելու և՛ դրույքաչափերի, և՛ առհասարակ հարկային բեռի առումով, ապա ճիշտ է, որ այդ փոփոխությունները համահունչ լինեն: Այսինքն՝ քանի որ օրենսգիրքն արդեն 2018թ. հունվարի 1-ից է կիրառվելու, տրամաբանական է, որ կուտակային վճարն ավելի շուտ ուժի մեջ չմտնի: Ինչո՞ւ. որովհետև կուտակային վճարի գումարը հաշվարկվում է նույն բազայի նկատմամբ, ինչի նկատմամբ հաշվարկվում է եկամտային հարկը»:

Դիտարկմանը, որ ՓՄՁ-ները մշտապես բողոքում են հարկային քաղաքականությունից, Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ վիճակագրությունը վկայում է, որ այդ սուբյեկտների շրջանառություններն աճում են, և դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ շրջանառության հարկի շեմը կտրուկ բարձրացել է. «Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ բիզնեսը բողոքի մի հարկային համակարգից, որտեղ համախառն հարկային բեռը կազմում է  իրացման շրջանառության ընդամենը 1.6  տոկոսը»: Նա նշեց, որ սա աննախադեպ ցածր բեռ է: Իսկ ՓՄՁ-ների փակվելու վերաբերյալ կարծիք հայտնելով՝ Վախթանգ Միրումյանն ասաց, որ եզրահանգում կատարելիս ճիշտ կլինի համապարփակ պատկերը դիտարկել. լինում են դեպքեր, երբ անհատ ձեռնարկատերերը դադարեցնում են գործունեությունը, սակայն 5-6 օր անց վերագրանցվում են կամ բիզնեսը գրանցում այլ անձի անունով: Իրական պատկերը հասկանալու համար պետք է դիտարկել ԱՁ-ներին, որոնք դադարեցրել են իրենց գործունեությունը, դրա կողքին նոր ստեղծվածները:

«Մեր ուսումնասիրությունները և վերլուծությունները շատ հստակ ցույց են տալիս, որ նման երևույթները չեն կարող պայմանավորված լինել հարկային գործիքակազմով»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս