Ռուսներն ասում են, որ արտասվել են, հայերը հերքում են, որ նման բան է եղել

«Առավոտյան, երբ մենք նստեցինք բանակցությունների սեղանի շուրջ, հերթապահ վերաբերմունք կար: Բայց երբ մենք լսեցինք խոսքեր, որոնք ասվում են, երբ ինչ-որ բան է լինում, երբ տեսանք աչքերում արտասուք, այդ ժամանակ մենք սկսեցինք խոսել նույն լեզվով և ընդունեցինք մի շարք որոշումներ, որպեսզի այս հողում խաղաղություն լինի»,- այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անկեղծացավ ՌԴ Դաշնային ժողովի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը` խոստանալով, որ այսուհետ տասնյակ հեռախոսազանգերի մեջ առաջնությունը կտրվի Հայաստանից զանգին:

168.am-ը ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ արտասուքների մասին է խոսքը, ո՞ւմ ի նկատի ուներ Չեկալովը:  «Գիտեք, եղել են ելույթներ, որոնք հուզականության որոշակի տարրեր պարունակել են, բայց չէի ասի, թե որևէ մեկն արտասվել է համատեղ քննարկման ժամանակ»,- ասաց Կ.Նահապետյանը: Մեր դիտարկմանն ի պատասխան, որ այդ դեպքում նվաստացուցիչ է Չեկալովի խոսքը, Կ.Նահապետյանը հորդորեց նման գնահատականներ չտալ. «Ավելի շատ էմոցիոնալ դաշտի մասին էր խոսում, չկար նման բան, պետք չէ ծայրահեղացնել և չափազանցել»:

Տեսանյութեր

Լրահոս