Արցախը կրակի դադարեցման պայմանավորվածության կողմ է. Դավիթ Բաբայան
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության կողմ է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ մասին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով կրակի դադարեցման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետերի կողմից Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության մասին հարցին:
«Հակամարտության կողմերը երկուսն են` ԼՂՀ-ն և Ադրբեջանը, Հայաստանը ներքաշված է այս հակամարտության մեջ: Ադրբեջանի ոչ կառուցողականության պատճառով ԼՂՀ-ն այժմ ոչ լիարժեք կողմ է, սակայն համանախագահները գալիս են Արցախ, բանակցություններ վարում ԼՂՀ ղեկավարության հետ: Արցախը կրակի դադարեցման պայմանավորվածության կողմ է»,- ասաց Բաբայանը: Նրա խոսքով` ներկայում բանակցությունների ձևաչափը խեղաթյուրված է, քանի որ ի սկզբնե եղել են բանակցության երեք կողմեր:
«Եթե վերցնենք ֆորմալ իրավաբանական մասը, ապա պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց մենք այդ համաձայնության իրագործողն ենք և հանդիսանում ենք այդ պայմանավորվածության կողմերից մեկը»,- ասաց նա: