«Հայկական կողմն այս օրերին հաքերային լուրջ հարձակումների չի ենթարկվել». Սամվել Մարտիրոսյան

Այսօր համացանցի միջազգային օրն է, որի առիթով «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պետք է խոսեին, թե ինչո՞ւ է համացանցը տարեցտարի դառնում առավել վտանգավոր, և, թե ինչպե՞ս խուսափել համացանցային խաբեություններից:

Համացանցի դրական և բացասական ազդեցության մասին զրույցը, սակայն, այսօր խիստ տեղայնական բնույթ ուներ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը լրագրողների հետ ասուլիսի օրակարգում առկա հարցերը քննարկեցին միայն վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով ստեղծված իրավիճակի և դրա համացանցային դրսևորումների շրջանակում:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ՝ հայկական պաշտոնական որևէ կայք հակերային հարձակման չի ենթարկվել.

«Եղել են, իհարկե, աշխատանքային խափանումներ, բայց դրանք կապված են երկու հանգամանքով՝ կամ արհեստականորեն գերծանրաբեռնվում է մուտքերի թիվը, այսինքն՝ միաժամանակ տվյալ կայք մուտք գործող մարդկանց թիվը կտրուկ աճում է, և դա կարող է լինել արհեստածին, ինչն այս օրերին քիչ հավանական եմ համարում, որովհետև ստեղծված իրավիճակում առավել հավանական է այն, որ իսկապես մարդկանց մեծ հետաքրքրություն կա՝ ստանալու ինֆորմացիայի հնարավորինս մեծ պաշար, և մուտքերի թիվը լրատվական կամ որոշ պաշտոնական կայքեր իսկապես շատ են»:

Անդրադառնալով ադրբեջանական կողմից ինֆորմացիոն հոսքերին՝ բանախոսը զգուշացրեց ուշադրությամբ ուսումնասիրել՝ ի՞նչ աղբյուրից են կատարված հղումները. «Այս օրերին ապատեղեկատվական հոսքը դեպի լրատվական դաշտեր զգալիորեն մեծացել է: Համացանցում են հայտնվում տարատեսակ դաժան տեսարաններ և դիակներ պատկերող լուսանկարներ և տեսանյութեր, բայց եթե ուշադիր լինեք, և դա դժվար չէ թեկուզ այդ լուսանկարներում առկա հագուստներից՝ կնկատեք, որ դրանց մեծ մասը Դոնբասում արված լուսանկարներ են, որտեղ չեչենական կողմը մեծ թվով մարդկային կորուստներ էր գրանցել, և այդ լուսանկարները տարբեր ռակուրսներից ու մեծ քանակությամբ լուսանկարվել և տարածվել էին, որոնք էլ այս օրերին նետվում են համացանց»:

Սամվել Մարտիրոսյանն այն կարծիքին է, որ ադրբեջանական կողմը չունի այնքան ռեսուրսներ, որպեսզի լուրջ հաքերային պայքար սկսի.

«Այս առումով, թերևս, առավել ագրեսիվ և արդյունավետ աշխատանքներ են ծավալում ռուսական և ուկրաինական կողմերը, և, ամենայն հավանականությամբ, այն հաքերային հարձակումները, որ գրանցվում են ադրբեջանական կողմից, ընդամենը վճարովի ծառայության արդյունք են, որից օգտվում են ադրբեջանցիները՝ վարձելով նմանօրինակ հաքերային խմբերին»:

168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք վերջին օրերին հայաստանյան ֆեյսբուքյան տիրույթում պրոֆիլների լուսանկարները եռագույն դրոշ պատկերող սլայդով փոխարինելու ծրագիրը ևս ծուղակ չէ հայ օգտատերերի համար, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց.

«Ինչ-որ պահից տեղեկություններ տարածվեցին, թե իբր դա թուրքական կողմի միջամտության արդյունք է, բայց որևէ մեկն այս պահին հստակ չի կարող ասել՝ հավաստի՞ է այդ տեղեկությունը, թե՞ ոչ: Հստակ է մի բան՝ յուզերը, որը տարածել է այդ ծրագիրը, օգտվում է Google համակարգի հայերեն թարգմանության ծրագրից: Հետևաբար, հիմքում, վստահաբար, հայերը չեն: Չի բացառվում, որ որևէ մեկը՝ ընկալելով իրավիճակը, պարզապես լավ բիզնես է մտածել և դրանով գումար է վաստակում, բայց դրանց օգտագործումը կարող է նաև վտանգավոր լինել՝ վիրուսներ տարածելու առումով: Ամեն դեպքում՝ չարժե օգտվել այդ ծրագրից: Այս օրերին ակտիվ են նաև ադրբեջանական կողմի ֆեյսբուքյան օգտատերերը, ովքեր հայկական անվան տակ՝ ներկայանալով զինծառայողի կին, եղբայր կամ քույր, փորձում են ինֆորմացիա ստանալ՝ ինչ իրավիճակ է տիրում այստեղ՝ Հայաստանում: Դա անմիջապես կարելի է հասկանալ, ոչ միայն իրենց սառնասիրտ և երկար զրույցներից, որովհետև նման դեպքերում այդպես չի լինում, այլև կարելի է հասկանալ հայերենի իրենց Google թարգմանությունից»:

Անդրադառնալով տեղական լրատվամիջոցների աշխատանքին՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց. «Իրադարձությունների ֆոնին՝ որպես ինֆորմացիայի միակ պաշտոնական աղբյուր, միջազգային հանրության համար հիմք է ծառայում ՀՀ պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը: Խնդիր է առաջացնում նաև այն, որ Ղարաբաղյան լրատվամիջոցները, ըստ էության, շատ ուժեղ չեն, ինֆորմացիան այնտեղից դուրս է գալիս միայն հայերեն լեզվով»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ այս իրավիճակում, երբ դեպի դուրս տանող պաշտոնական ինֆորմացիայի միակ աղբյուրը համարվում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը, կարևորվում է հատկապես տեղում աշխատող միջազգային լրագրողների աշխատանքը: Ադիբեկյանը նշում է, որ հետևել է ռուսական լրատվամիջոցների տարածած ինֆորմացիային և, որպես ընդհանուր պատկեր՝ իր համար արձանագրել է. «Ռուսական լրատվամիջոցները նկատելի պրոհայկական կեցվածք են որդեգրել, կան նաև հօգուտ ադրբեջանական կողմը ներկայացնող ռեպորտաժներ, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ դրանք օբյեկտիվ բնույթ են կրում»:

Հոգեբան Սամվել Խուդոյանը հակադարձելով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին՝ նշեց. «Մենք այսօր պատերազմական դրության մեջ ենք, և այս պայմաններում խոսել օբեկտիվության մասին՝ առնվազն ճիշտ չէ: Ինչպե՞ս կարող է պատերազմական պայմաններում լինել օբյեկտիվ, ես չեմ պատկերացնում: Ես այն կարծիքին եմ, որ հիմա իսկական ժամանակն է, որպեսզի Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, և կարծում եմ՝ ԼՂ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու գաղափարը շատ զգույշ, բայց առաջին քայլն է՝ դեպի հետագա ճանաչումը»:

Տեսանյութեր

Լրահոս