«Ռուսաստանը պետք է տեսնի, որ խաղը նաև իր դեմ է…». Ստեփան Սաֆարյանը` սահմանային լարվածության վերաբերյալ միջազգային արձագանքի մասին

Ադրբեջանի նկատամամբ խոշոր դերակատարների ազդեցության չափերը շատ տարբեր են: Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը, որը 168.am-ի հետ զրույցում խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակի և միջազգային կառույցների և երկրների նախագահների արձագանքերի մասին՝ նշեց, որ Ադրբեջանի վրա ազդեցությունը բավական թուլացել է:

Նրա խոսքով՝ մենք շատ հաճախ ենք մեղադրում ԱՄՆ-ին, Եվրամիությանը, որ չեն ուզում ազդել իրավիճակի վրա, կամ չեն ուզում շատ հասցեական հայտարարություններ անել, բայց վերջին տարիների իրադարձությունները, կարծես թե, ապացուցել են, որ Ադրբեջանի վրա ազդեցությունը բավական թուլացել է. «Ու այս առումով նրանք մի կողմից չեն ցանկանում ի սպառ կորցնել Ադրբեջանին՝ շատ հասցեական մեղադրելով կամ պատժամիջոցներ կիրառելով, և նաև մյուս կողմից՝ չունենալով բավարար լծակներ նրա վրա ազդելու: Արևմուտքը հստակ հասկանում է, որ Ադրբեջանի խաղը նաև իր դեմ է, և դա նաև ոչ միայն իր շահերի դեմ է, այլև շանտաժ է որով Իլհամ Ալիևաը փորձում է նրան ուղղակի պարտադրել խնդրին մոտենալ կամ խնդիրը լուծել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, այս կտրվածքով, իհարկե, Ղարաբաղյան հակամարտության միջազգային շրջակայքում Արևմտյան ազդեցությունը չափազանց թուլացել է վերջին տարիների ընթացքում»:

Ս. Սաֆարյանը կարծում է՝ Ադրբեջանը գիտակցաբար այդ շանտաժին գնալու համար առավելապես սկսել է նայել դեպի Անկարա և դեպի Մոսկվա. «Նա ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունն ընկալել է որպես հայ-ռուսական հարաբերությունների թունավորման արդյունք՝ իրավացիորեն համարելով, որ եթե Հայաստանի ռազմավարական դաշնակիցն իրեն վաճառում է հարձակողական և շատ լուրջ սպառազինություններ, դա նշանակում է, որ Ռուսաստանն այնքան էլ դեմ չէ, որ Ադրբեջանը Հայաստանի հարցերը լուծի: Ու այդ գործոնը չափազանց վտնագավոր է, այդ կոնտեքստում է, որ Ռուսաստանի պահվածքը կամ քաղաքականությունը Հարավային Կովկասում չափազանց վտանգավոր է դարձել, բայց ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո, կարծես թե նաև նկատելի է, որ Մոսկվան ինքն էլ է հասկանում, որ եթե նախկինում իրեն այսպես կոչված կառավարելի լարվածութունը ձեռնտու էր, երբ ինքը հանդես էր գալիս իբրև հարցերը լուծող, խաղաղություն պարտադրող, կողմերին սանձնող, ապա այժմ ինքը, կարծես թե, պետք է որ տեսնի հատկապես Թուրիքայի երեկվա հայտարարությունց հետո, որ խաղը նաև իր դեմ է»:

Մեր զրուցակիցի դիտարկմամբ՝ մեկ այլ դերակատարի՝ Թուրքիայի, խառնվելու դեպքում այնպես չէ, որ ինքը կկարողանա այդ կառավարելի լավածությունը ստեղծել ու հանդես գալ լուծողի դերում, ինչպես 2014 թվականին արեց Սոչիում: «Մենք այդ տարին էլ ակնհայտ հիշում ենք թուրքական հետքը՝ համատեղ զորավարժություններ և այլն, ու Ռուսաստանը թողեց, որպեսզի դա հասնի ինչ-որ կուլմինացիայի՝ հետո ասաց՝ ես եմ խնդրի լուծողը, հրավիրեց Սոչի ու հետո ասաց՝ գնացեք, հանգստացեք: Կարծես թե այն ժամանակ ռուս-թուրքական հարաբերությունների դինամիկան այլ տեղ չէր թողնում, այնպես չէր, որ Թուրքիան ուներ շահագրգռություն թույլ չտալու Ադրբեջանին գնալ այդ ստաբիլիզացիային, այժմ Թուրիքան կարող է թուլ չտալ Ադրբեջանին գնալ ստաբիլիզացիային, որքան էլ Ռուսաստանն ուզենա կարգավորի, հետևաբար չափազանց վտանգավոր իրավիճակ է»:

Կարդացեք նաև

Խոսելով միջազգային այլ կառույցների արձագանքների մասին՝ Ս. Սաֆարյանը նկատեց, որ ՄԱԿ-ը երբեք առանձնապես չի զբաղվել կամ մեծ ազդեցություն չի ունեցել այս տարածաշրջանի հակամարտության վրա, միակ միջազգային կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է եղել, որի դիրքերը, ըստ նրա՝ չափազանց թուլացել են, ու վերջին երկու տարվա ընթացքում հիմնական պրոցեսը գնում էր հենց այդ խարխլված դիրքերը վերականգնելու համար, որպեսզի նրանք կարողանան կոնֆլիկտը կառավարել.

«Բայց դա թույլ չէին տալիս ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանը: Հետևաբար, այս պահին թերևս ես չեմ ուզում թերագնահատել, այնուամենայնիվ, այն միակ լեգիտիմ կառույցն է, որի խոսքը կարող է այս կամ այն կերպ ազդեցություն ունենալ: Հետևաբար՝ ես կարծում եմ՝ Հայաստանը պետք է բավական լավ ստարտեգիա մշակի այս կառույցի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ, որը ոչ միայն Արևմուտքին թույլ կտա պահպանել խաղաղությունը տարածաշրջանում, այլ նաև Հայաստանին թույլ կտա անել: Այս կտրվածքով՝ իհարկե միայն հույսը դնել տարբեր լիդերների հայտարարությունների վրա՝ քիչ է, բայց եկեք չթերագնահատենք մի բան՝ այս հայտարարությունները մի բան են ցույց տալիս. պատերազմ սանձազերծողը խնդիր է ունենալու: Այդ կոչերն այնքանով են կարևոր, որ գոնե Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինքն իր ռազմական ավանտյուրան միջագայնորեն լեգիտիմացնելու խնդիր է ունենալու, սա թերևս կարևոր բան է»:

Նա նկատեց, որ պետք է չմոռանանք, որ այժմ շատ մայրաքաղաքներում որոշումների ընդունման շրջան է, ու բոլորը պետք է հասկանան՝ ինչպես շարունակել. «Ակհայտորեն, երեկվա և այսօրվա իր ձախողված արկածախնդրությունից հետո՝ Բաքուն պետք է որոշի կա՛մ շարունակել այդ ամեն ինչը նոր թափով, կա՛մ դադար վերցնել: Պետք է հասնել նրան, որ Բաքուն գիտակցի, որ Իլհամ Ալիևը կարող է նստել նաև մեղադրյալի աթոռին քրեական դատարանում՝ որպես պատերազմի հանցագործ»:

Մեր այն հարցին, թե ի՞նչ հիմքերով պետք է Ադրբեջանը շարունակի այս ռազմական գործողություններն ու ավելի խորացնի իրավիճակը, Ս. Սաֆարյանը պատասխանեց, որ ադրբեջանական ստրատեգիան ունի իր առավելագույն և նվազագույն նպատակները: Նրա խոսքով՝ Առավելագույն նպատակը կայծակնային պատերզամի միջոցով որոշակի հաջողությունների հասնելն է. «Երեկ, բարեբախտաբար, Ադրբեջանը չկարողացավ հաղթել: Ադրբեջանի նվազագույն նպատակներից մեկն այն է, որ Ղարաբաղյան հակամարտությունը աշխարհի համար դարձնի վտանգավոր հակամարտություն, որը կներառվի միջազգային հանրության օրակագ: Ըստ Ադրբեջանի՝ պետք է այն թեժացնել, որ աշխարհը հասկանա, որ այն պայթյունավտանգ և բոլորի շահերը վնասող հակամարտություն է»:

Ս. Սաֆարյանը նաև կարծում է՝ քանի որ Ադրբեջանն արդեն պաշտոնապես կասկածի տակ է դրել Մինսկի խմբի գործունեությունը, մեղադրել է նրան երկակակի ստանդարտներում, շահգրգռված չլինելու մեջ, անկարողության մեջ, Հայաստանին սատարելու մեջ, սադրանքների մեջ, այդ ամբողջ նկատի ուենալով՝ Ալիևը կփորձի, որպեսզի նոր ռազմական իրավիճակն օգտագործվի ու ձևավորվի նոր ֆորմատ, որտեղ կլինեն նոր ուժեր, նոր դերակատարներ՝ ինչպես Թուրքիան է. «Շաբաթներ առաջ էլ այս մասին խոսում էին, Գերմանիայի անունն էին տալիս, պոչից էլ ավելացնում էին Թուրքիան և այլն»:

Ըստ քաղաքագետի՝ պետք է թույլ չտալ նոր ֆորմատի ձևավորումը. «Ավելին, ես կարծում եմ, հենց հիմա հայոց դիվանագիտության կողմից պետք դրվի խնդիրը, թե ինչպե՞ս է պատահում, որ Մինսկի խմբի անդամ Թուրքիան ճիշտ հակառակ հայտարարությունն է անում, քան Մինսկի խումբը: Սա պետք է դրվի, որ Ադրբեջանը հասկանա, որ Թուրքիան բլոկի տակ է լինելու, և Թուրիքան էլ հասկանա, որ իրեն թույլ չի տրվելու խծկվել այստեղ: Ադրբեջանն ուզում է այս խնդիրն այլ ատյաններ տեղափոխել, բնականաբար, մենք չեպտք է թույլ տանք այնպիսի քայլեր, որոնք կնպասեն Ադրբեջանի ստարտեգիայի իրականացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս