«Ժամանակն աշխատում է ի շահ Ադրբեջանի»
Մեր զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը
– Պարոն Բադալյան, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերքել է շրջանառվող լուրերը, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթաժողովի ժամանակ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ Ձեզ՝ այս դեպքում ի՞նչ կարելի է սպասել Սերժ Սարգսյանի այս այցից:
– Ոչ մի արդյունք չի լինի, կգնա, կմասնակցի համապատասխան միջոցառմանը, ում հետ կհաջողացնի հանդիպել, կհանդիպի, և վերջ:
– Եթե անգամ նախօրոք չեն հայտարարում այդ մասին, բայց երկու նախագահներն էլ հասնելու են Վաշինգտոն, մի՞թե իսկապես հանդիպում չի լինի:
– Շատ հնարավոր է և՝ չլինի, ի՞նչ կա որ: Բոլորովին պարտադիր չէ, որ հանդիպեն: Այնպես չէ, որ, եթե Միացյալ Նահանգներում են հայտնվում, մեկը մյուսի հետ պարտադիր պետք է հանդիպեն, կամ ուրիշ կառույցների հետ պետք է հանդիպեն: Այնտեղ բավականին բարդ է, այնպես չէ, որ տուրիստ են գնացել, հանդիպեցին փողոցում, նստեն նստարանին, մի 5 րոպե իրար հետ խոսեն:
– Ինչո՞վ եք բացատրում, որ ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման ուղղությամբ, իսկ դրա վերաբերյալ Ռուսաստանից ոչ մի արձագանք չկա:
– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղի հարցում ունեն տարբեր մոտեցումներ, յուրաքանչյուրն իր շահով է առաջնորդվում և, բնականաբար, քանի որ մեկի շահը մյուսի հետ չի համընկնում, այնտեղ ոչ մի արդյունքի էլ չեն հասնի: Հիմա Միացյալ Նահանգներն իր շահն ունի, որպեսզի այստեղ առժամանակ այս վիճակը պահպանվի, մինչև այնտեղ միգուցե նախընտրական կամպանիան ավարտվի, և այլն, որից հետո տեսնեն, թե ինչ են անելու: Իսկ Ռուսաստանն իր շահերն ունի, միգուցե ցանկություն ունի չֆիքսվել Ադրբեջանի հետ առկա իրավիճակի վրա, առավել ևս, որ Ադրբեջանը Ռուսաստանից բավականին շատ զենք է գնում, և կան նաև բիզնես շահեր: Այսինքն՝ ամեն մեկն իր շահն ունի, սա նորմալ երևույթ է:
– Ամեն դեպքում, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ալիևի հետ կքննարկի այդ մեխանիզմի խնդիրը, որևէ հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ Ալիևն ի վերջո կհամաձայնի այն ներդնել:
– Եթե դա ձեռք կտա Ադրբեջանի շահին՝ այո, եթե՝ ոչ, ապա՝ ոչ: Իսկ Ադրբեջանի շահն ասում է՝ չե՞ք ցանկանում, որ սահմանին այսպիսի սրացում լինի, վերադարձրեք օկուպացված տարածքները: Ադրբեջանը, բնականաբար, հասկանում է, որ, եթե այս իրավիճակում այդ մեխանիզմը կիրառի, դա կարող է անուղղակի ենթադրել տալ, որ նա ճանաչում է այդ տարածքները՝ որպես Հայաստանի հսկողության տակ գտնվող տարածք, որոնք այդպիսի կարգավիճակ կարող են ունենալ: Իսկ Ադրբեջանը դրան համաձայն չէ, ինչո՞ւ պետք է համաձայնի հրադադար չկիրառել իր տարածքում: Ի վերջո, չմոռանանք, որ դե յուրե դրանք Ադրբեջանի տարածքներ են: Եվ բնական է, որ Ադրբեջանը դեմ է, որ իր տարածքում հայկական կողմն ինչ-որ լրացուցիչ մեխանիզմներ դնի: Այսինքն՝ ստացվում է, որ հայկական կողմը և՛ օկուպացնում է այդ շրջանները, և՛ ինչ-որ մեխանիզմ ներդնում, որ Ադրբեջանը չփորձի իր տարածքներն ազատագրել: Բնականաբար, եթե նայում ենք Ադրբեջանի տեսակետից, ստացվում է, որ դա շատ տրամաբանական է, որ չի ընդունում այդ մեխանիզմը:
– Սակայն առաջ է եկել Իրանի գործոնը, ու ԱՄՆ-ին տարածաշրջանում կայունություն է հարկավոր:
– Կայունություն, այսպես թե այնպես, կա, որովհետև լայնամասշտաբ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, ընդամենը սահմանային սրացումներ են, այն էլ՝ կապված այս կամ այն միջոցառման, կամ այս կամ այն գործչի տարածաշրջան գալու, կամ այս կամ այն հարթությունում ԼՂ հարցի քննարկման հետ: Այնպես որ, կայունությունը հիմնականում պահպանվում է, իսկ Իրանն էլ Մինսկի խմբի համանախագահ չէ, որ նրա կարծիքը հաշվի առնեն:
– Երկու երկրներին անմիջական հարևան լինելը գործոն չէ՞, մի ժամանակ էլ Իրանն ակտիվ մասնակցություն ուներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
– Դա էական չէ: Թուրքիան էլ է անմիջական հարևան ինչ-որ չափով, բայց Հայաստանը չի համաձայնում, որ Թուրքիան մտնի Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի մեջ: Եվ հետո ոչ միայն Ադրբեջանին, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ ԱՄՆ-ին, ՌԴ-ին և Ֆրանսիային էլ ձեռնտու չի լինի, որ Իրանը մտնի, որովհետև նա նոր խաղացող է, և չեն նստելու նրա հետ անցած 25 տարիների ամբողջ պատմությունը պատմեն, որ նա էլ իր շահերն առաջ տանի: Համանախագահ 3 երկրները շա՞տ են կարողանում իրենց շահերը համադրել, որ մի հատ էլ Իրանի շահը համադրեն:
– Իսկ ընդհանրապես հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրումն իրականում ի՞նչ արդյունք կարող է տալ:
– Հիմնականում ոչ մի արդյունք էլ չի կարող տալ, որովհետև, եթե անգամ ներդնեն, և Ադրբեջանը խախտի այդ համակարգը, ի՞նչ պետք է անեն, Ադրբեջանի դեմ պատժամիջոցնե՞ր պետք է կիրառեն: Ադրբեջանը Եվրամիությանը գազ մատակարարող երկրներից մեկն է դառնում՝ իր գազային կառույցներով, շուտով շահագործման կհանձնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, և Միջին Ասիան ու Հեռավոր Արևելքը կկարողանա այդ երկաթգծով կապել Եվրոպայի հետ, և Եվրոպան, բնականաբար, ցանկություն չունի լարել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ և, լավագույն դեպքում, եթե այդ համակարգը ներդնեն, ու Ադրբեջանը խախտի, պետք է ասեն՝ մի խախտեք այդ ստեղծված ռեժիմը, բայց մտածել, որ խախտելու դեպքում Ադրբեջանի նկատմամբ լուրջ հետևանքներ կլինեն, ոչ: Այդ սահմանային լարումները, շրջափակումը, առևտրային կապերի բացակայությունը և այլն, դրանք հետևանքներ են, պատճառը Լեռնային Ղարաբաղի հարցի չլուծվածությունն է: Երբ կլուծվի այդ հարցը, մնացած ամեն ինչ կվերանա: Հիվանդությունը պետք է բուժել, և ոչ թե՝ հիվանդության հետևանքները փորձել վերացնել: Դա անհնար է:
– Բայց կարծես փակուղային է իրավիճակը՝ Ադրբեջանը ոչ մի բանի չի համաձայնում, հայկական կողմն էլ իր դիրքերը չի զիջի: Այդ դեպքում ելքը ո՞րն է:
– Իհարկե, իրավիճակը փակուղային չէ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով ավելի արագ կզարգանա և կդառնա ազդեցիկ գործոն, որի շահերը հաշվի կառնեն: Եվ վերջին ժամանակները ցույց են տալիս, որ Ադրբեջանը սկսում է ավելի հզորանալ, մասնավորապես՝ ԵԽ ԽՎ-ում է կարողանում բանաձևեր անցկացնել՝ ի տարբերություն Հայաստանի, նրա տնտեսությունն է լավ աճում, և նա դառնում է երկիր, որի տարածքի վրայով տարածաշրջանային նշանակություն ունեցող բավականին տրանսպորտային ենթակառույցներ են սկսում աշխատել: Այնպես չէ, որ այս իրավիճակը 100 տարի կշարունակվի:
Եվ հետո, մի մոռացեք, որ Հայաստանից արտագաղթն է բավականին ավելացել, և հետագայում դա զինվորների քանակի վրա է ազդելու: Այսինքն՝ այնպես չէ, որ նստած սպասում են, թե փակուղային վիճակ է, և վերջ: Ադրբեջանն աշխատում է, որ այս փակուղային ժամանակաշրջանն օգտագործի իր համար, և դա նրան հաջողվում է՝ ի տարբերություն Հայաստանի: