Թուրքիան վերածվում է Սիրիայի. Politico
Թուրք ուժայինների ու քուրդ աշխարհազորայինների հակամարտությունը Թուրքիայի հարավարևելյան շրջաններում թեժանում է, գրում է Politico թերթը:
Տեղացիները, որոնք հեռացել էին Դիարբեքիրից, որը ոչ պաշտոնապես համարվում է թուրքական Քրդստանի մայրաքաղաքը, չեն կարողանում ճանաչել քաղաքի փողոցները, որտեղ երբևէ ապրել են՝ նեղ փողոցները լի են փլատակներով, իսկ վառված բնակելի տներից ծուխ է բարձրանում:
Դե-ֆակտո քաղաքը 4 ամիս գտնվել է զինվորականների բլոկադայի ներքո, այստեղ էին տեղի ունենում Թուրքիայի պետական անվտանգության ուժերի ու Թուրքիայում արգելված «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության միջև առավել դաժան բախումները:
«Այդ ամենը հիշեցնում էր Սիրիան: Մենք հավաքեցինք որոշ իրեր երեխաների համար ու փախանք: Այնտեղ ոչինչ չի մնացել»,- թերթին պատմել է Դիարբեքիրի բնակիչներից մեկը, ով ստիպված է եղել լքել քաղաքը հակամարտության թեժ պահին:
Եվրոպան գրեթե ուշադրություն չի դարձրել բռնության այդ բռնկումների վրա, գրում է Politico-ն: Բրյուսելին բավական են իր խնդիրները՝ կապված Սիրիայի ու Իրաքի հակամարտությունների հետ ու դրանցից փախչող մարդիկ, սակայն խաղաղ քաղաքացիական պատերազմը Թուրքիայի առանձին հատվածներ վերածում է վայրերի, որոնք նման են Սիրիայի շրջաններին: Անկարան խնդիրներ ունի ոչ միայն սիրիացի, այլ իր՝ թուրք փախստականների հետ: Թուրքիայում ԵՄ-ի ներկայացուցչության գնահատականների համաձայն՝ ավելի քան 400 հազար մարդ է անցած տարվա օգոստոսից փախել իր բնակության վայրերից:
Հուլիսին ձախողվեցին փորձերը կողմերի միջև հասնել կրակի դադարեցման ու «ակն ընդ ական» բռնությունը վերաճեց լիարժեք փողոցային պատերազմի: Համաձայն Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի՝ օգոստոսից Թուրքիայի հարավ-արևելքում սպանվել է 250 քաղաքացի: Բացի Դիարբեքիրից՝ տուժել է նաև Ջիզրեն: Տեղի իշխանությունների գնահատականների համաձայն՝ քաղաքը լքել է 100-120 հազար բնակիչ:
«Քաղաքի կեսը այլևս պիտանի չէ բնակվելու համար, մյուս կեսը նույնպես քանդվել է»,- թերթը մեջբերում է Ռաջի Բիլիջիի խոսքերը, ով Դիարբեքիրում Human Rights Assosiation-ի բաժնի ղեկավարն է:
Եվրամիությունը չի քննադատում Անկարային PKK-ի դեմ ռազմական գործողությունների համար, որին Բրյուսելը նույնպես համարում է ահաբեկչական կազմակերպություն, չնայած եվրոպական բազմաթիվ երկրներ աջակցում են քրդական կուսակցության ռազմական թևին՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին, որոնք պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ առաջին շարքերում: