Բաժիններ՝

Գիտության և տուրիզմի մերձեցում

Օրերս Տուրիզմի հայկական ինստիտուտում Համագործակցության և զարգացման շվեյցարական գործակալության (SDC) հովանավորությամբ տեղի ունեցավ «Գիտական տուրիզմը հարավարևմտյան Ասիայում» գիտաժողով։ Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը և ԲՈՀ-ի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը։ Զեկուցումներով հանդես եկան Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի ուսումնական ծրագրերի ղեկավար Զարուհի Հայրյանը, «Ավարայր» տուրիստական կազմակերպության տնօրեն Արկադի Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ներկայացուցիչ Դավիթ Պողոսյանը, Էկոտուր ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Աղայանը, Երիտասարդ պատմագետների ասոցիացիա ՀԿ նախագահ Լիլիթ Մկրտչյանը, Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի PR խմբի ղեկավար Զարուհի Ասատուրյանը և գիտաժողովի կազմակերպիչ Սոնա Ֆարմանյանը։ Գիտաժողովը համախմբեց տուրիզմի և գիտական հանրության ներկայացուցիչներին, մշակվեցին գիտական տուրիզմի կազմակերպման սկզբունքներն ու ուղղությունները, ներկայացվեցին գիտական բնույթի վայրերի այցելությունների փաթեթների մշակման տարբերակները, հյուրերին Հայաստանը ու տարածաշրջանը ներկայացնելու գիտական մոտեցումները և հետագա ծրագրերն ու հանդիպումները։

Հիշեցնենք, որ գիտական տուրիզմը ներկայացնում է գիտական հնավայրերի և ներկայիս գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև գիտության թանգարանների, աստղացուցարանների և համանման վայրերի այցելությունների կազմակերպումը:

Այն նաև տուրիզմի ոլորտի գիտական համակարգումն է: Աշխարհում գիտական տուրիզմն առավել զարգացող և հեռանկարային ուղղություններից է: Հայաստանը, միաժամանակ ունենալով գիտական և մշակութային հարուստ ժառանգություն և ժամանակակից գիտական ներուժ, կարող է համարվել գիտական տուրիզմի երկրներից մեկը:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս