Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրյալի հայրը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդներից մեկի՝ Գնել Թևոսյանի հոր՝ Զարմիկ Մարկոսյանի վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է:
Զ. Մարկոսյանը, ով զբաղեցրել է ռազմական ինստիտուտի հրամանատարի տեղակալի պաշտոնը, մեղադրվում է իշխանությունը չարաշահելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մաս:
Քրեական գործը, որի շրջանակներում զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, կոչումով գնդապետ Զ. Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել, հարուցվել էր Հ. Բարսեղյանի սպանության գործի նյութերով ՀՀ Քննչական կոմիտեում: Զ. Մարկոսյանի պաշտպան Արա Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ նա դիրքորոշում չի հայտնել, քանի որ առաջադրված մեղադրանքն իրենց համար անհասկանալի է:
«Նշված է՝ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ 2014թ. օգոստոս ամսից մինչև 2015թ. հունվարի 28-ը ներառյալ հանձնարարել է ենթակա համապատասխան սպաներին պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպման Գնել Թևոսյանին մի քանի ժամ տևողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից: Ժամանակահատված նշված է, ում է հանձնարարել, ինչպես է հանձնարարել, երբ է բացակայել, երբ են այդ բացակայությունները եղել, որևէ տեղեկություն չկա: Այսինքն՝ ընդհանուր, լղոզված ձևակերպում է, օրենքից արտագրած:
Մեղադրանքն այս առումով անհասկանալի է: Նույնն է, ինչ ասեն՝ Պողոս Պողոսյանը սպանել է մի անձի, ոչ նշեն, թե այդ անձն ով է, դեպքը երբ է տեղի ունեցել, ոչ նշեն հանգամանքները»,- ասաց Ա. Զաքարյանը՝ նշելով, որ ողջ քրեական գործերում այդ հարցերի պատասխանները չկան:
Ա. Զաքարյանի խոսքով՝ վկաները հիմնականում Գ. Թևոսյանի ծառայակիցներն են. «Նրանք նշում են, որ Գ. Թևոսյանը գրեթե ամեն օր մի քանի ժամով բացակայել է: Ոչ մեկը ոչ մի կոնկրետ բան չի ասում՝ ո՞ւր է գնացել, ինչպե՞ս է գնացել, ոչ մեկը պատասխան չի տալիս՝ լավ, եթե Գնելը բացակայել է, ինչո՞ւ ղեկավարությանը զեկուցագրեր չեք գրել, ինչո՞ւ չեք տեղեկացրել, հրամանատար, դու ինչո՞ւ քո վերադասին չես ասել, ինչո՞ւ սրա մասին ոչ մեկը ձայն չի հանել: Հենց անմիջական հրամանատարն ասում է, որ բացակայում էր, ես գիտեի, որ Զարմիկի որդին է, ոչ մի բան չեմ արել»:
Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքի հիմքում միայն ցուցմունքներ են. «Չեն հարցաքննել բազմաթիվ անձանց: Չեն հարցաքննել КПП-ում նստած անձանց՝ ինչպես կարող է անձը գալ, ձեզ մոտից դուրս գալ, դուք իրեն թույլ տաք, առանց գրանցելու, առանց փաստաթղթի, ինչպես է դուրս եկել՝ պատի վրայով ամեն օր թռնո՞ւմ էր, հե՞տ էր գալիս»:
Նշենք, որ Զ. Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մեզ հետ զրուցում Ա. Զաքարյանը նաև կարծիք հայտնեց, որ արդարացի քննության շահերից ելնելով՝ ճիշտ կլինի, որ սպանության գործի նյութերով հարուցված քրեական գործերը միացվեն մեկ վարույթում: Խնդիրն այն է, որ Հ. Բարսեղյանի սպանության գործի նյութերով հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնք ևս ուղարկվել են դատարան և մակագրվել են դատավոր Դավիթ Հարությունյանին, ով քննում է նաև բուն սպանության գործը: Խոսքը կուրսանտներ Կարեն Բաղրամյանի, Թելման Մխիթարյանի, Խաչիկ Մինասյանի և զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի 1-ին կուրսանտական մարտկոցի հրամանատար Դավիթ Դավթյանի վերաբերյալ քրեական գործերի մասին է: Կուրսանտ Կ. Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով կուրսանտ, կոչումով շարքային, 2015թ. հունվարի 28-ին ժամը 07:40-ի սահմաններում թիվ 408 ննջարանում այն մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հ. Բարսեղյանի հետ, որի ընթացքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ և 65-րդ հոդ. կանոնագրքային կանոնները, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Բացի այդ, 2015թ. հունվարի 28-ին ժամը 13:00-ի սահմաններում իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հ.Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին»: Դ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2013թ. նոյեմբեր ամսից մինչև 2015թ. հունվար ամիսը հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին կուրսանտական մարտկոցի հրամանատար, ի պաշտոնե պետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ և 17.11.2014թ. կապիտան Արթուր Զարաֆյանից զեկույց ստանալով կուրսանտներ Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի, Վարազդատ Սաֆարյանի կողմից Տիգրան Մանասերյանի հետ վիճաբանելու և նրան հարվածելու վերաբերյալ, պատշաճ միջոցներ չի ձեռնարկել տեղի ունեցածի հանգամանքները պարզելու, վերադաս հրամանատարությանը զեկուցելու ուղղությամբ և տվյալ ստորաբաժանումում ստեղծել է անպատժելիության մթնոլորտ»:
Թ. Մխիթարյանին և Խ. Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նրանք հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի կուրսանտներ, 2015թ. հունվարի 28-29-ը թ.Մխիթարյանն ընդգրկված լինելով՝ որպես մարկոցի հերթապահ, իսկ Խ.Մինասյանը՝ օրապահ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի կանոնների նկատմամբ դրսևորել են անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանք, այն է՝ նույն մարտկոցի կուրսանտներ Գ. Թևոսյանի, Ն. Սահակյանի, Վ. Սահակյանի, Մ. Ազարյանի և Հ. Բարսեղյանի միջև տեղի են ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, և սպանվել է Հ.Բարսեղյանը»:
Արա Զաքարյանի խոսքով՝ Զ. Մարկոսյանի վերաբերյալ գործը որպես այդպիսին չի առնչվում դեպքի հետ. բացառությամբ այդ դեպքի՝ տրամաբանական կլինի, որ գործերը միացվեն մեկ վարույթում.
«Կարծում եմ՝ դա ավելի արդարացի կլինի: Հակառակ դեպքում կարող ենք կանգնել մի խնդրի առջև, որ նույն հանգամանքի վերաբերյալ կարող է լինել դատական ակտ, որը կարող է կաշկանդել նույն հանգամանքների վերաբերյալ մեկ այլ գործով դատարանի քննությանը, նույնիսկ, եթե տարբեր դատավորներ լինեն: Իմ խորին համոզմամբ՝ դատական համակարգը չի կարող նույն հանգամանքի վերաբերյալ տրամագծորեն հակառակ հետևություններ անել:
Չի կարող մի դատարանը հաստատված համարել մի բան, մյուս դատարանը՝ դրան հակասող բան: Եվ եթե մի դատարան հաստատել է մի հանգամանք, որն արդեն ուժ է ստացել, մյուս դատարանը դրանով կաշկանդված է»: Դիտարկմանը, որ մեղադրանքները, ըստ էության, սպանությանը չեն առնչվում, փաստաբանն արձագանքեց. «Որպես այդպիսին՝ չեն առնչվում սպանությանը, բայց մյուսների մեղադրանքներն ուղղակիորեն կապի մեջ են գտնվում տեղի ունեցածի հետ: Դրա համար եմ գտնում, որ ճիշտ կլինի, որ այդ մյուս երեք գործերը միացվեն մեկ վարույթում»: