Հարավային Սուդանում կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռի անձնակազմի 4 անդամների անունները հայտնի են
Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանում, այսօր կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռի անձնակազմի 4 անդամների անունները հայտնի են: 168.am-ի տեղեկություններով՝ նրանք են. հրամանատար Գևորգ Թովմասյան, երկրորդ օդաչու՝ Սամվել Համբարձումյան, բորտ-ինժեներ՝ Սուրեն Պետրոսյան և տեխնիկական աշխատակից Սամվել Մկրտչյան:
Մեր տեղեկություններով՝ նրանց հարազատներին դեռևս չեն հայտնել այս բոթը, և այժմ նրանց օդաչու ընկերները մտածում են՝ ինչպես պետք է նրանց ասեն այդ մասին:
Հիշեցնենք, որ «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռը պատկանում է «Տարոն Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին: Ինքնաթիռը, սակայն, գրանցված է ոչ թե Հայաստանում, այլ Տաջիկստանում: Մեր տեղեկություններով՝ Գառնիկ Պապիկյանը իր եղբոր՝ Գագիկ Պապիկյանի հետ մեկնել է դեպքի վայր: