Զուրաբյանը կատակել է, ջղագրգիռնե՛ր. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կոչը ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ցնցել է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին։ Երեկ տեղեկացրել էինք, որ երկօրյա այցով ՀՀ-ամ գտնվող Մատվիենկոյի եւ ՀՀ Աժ ներկայացուցիչների փակ հանդիպման ժամանակ Զուրաբյանը Մատվիենկոյին կոչ է արել ՀՀ իշխանություններին հորդորել՝ ձեռնպահ մնալ սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց։ Մեզ հետ զրույցում ԱԺ «Ժառանգության» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը պատմեց, որ Մատվիենկոն խիստ զարմացելէ Զուրաբյանի հայտարարությունից, իսկ վերջինս, տեսնելով ներկաների ապշահար դեմքերը, հայտարարել է. «Я пошутил»։

«Հանդիպման ժամանակ Լեւոն Զուրաբյանը ձեռք բարձրացրեց, ներկայացրեց, որ ողջունում է Հայաստան– Ռուսաստան բարեկամությունը, որ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից այդ բարեկամությունը դրվել է նոր մակարդակի վրա եւ չնայած որ ինքը ընդդիմություն է եւ իրենք շատ հզոր քննադատում են այսօրվա իշխանություններին, բայց,ողջունում են այսօրվա իշխանությունների ռուսական կողմնորոշումը եւ համագործակցությունը ՌԴ-ի հետ։ Ասաց, որ Հայաստանում այն ուժերը, որոնք կողմնակից չեն ՌԴ-ին, ընդամենը մի քանի հոգի են եւ մարգինալ են։ Զուրաբյանը, իր խոսքը շարունակելով, ցիտեց Պուտինի ինչ-որ ելույթ, որտեղ ասվում է, որ Սահմանադրությունը չի կարելի շատ արագ փոխել եւ այդ ցիտումից հետո կոչով դիմեց տիկին Մատվիենկոյին, որ խնդրում եմ, դիմեք մեր իշխանություններին, որ զերծ մնան սահմանադրական բարեփոխումներից»,– պատմեց Թեւան Պողոսյանը։

Ըստ նրա, Մատվիենկոն, ով պակաս զարմացած չի եղել, հայտարարել է, որ Հայաստանը սուվերեն երկիր է եւ որեւէ մեկը իրավունք չունի խաոնվելու Հայաստանի սուվերեն իրավունքներին։ «Հասկանալով, որ շատ անհաջող մեջբերում է արել, որը բոլորի դեմքից կարելի էր նկատել, պարոն Զուրաբյանը, չգիտեմ ինչու, որոշեց ասել, որ կատակ է արել, ինչն ընդհանրապես ավելի վատ իրավիճակ ստեղծեց»,– պատմեց Թեւան Պողոսյանը։ Նա, ինչպես նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, իրենց հերթին են հայտարարել, որ ո՛չ Արեւմուտքը եւ ո՛չ էլ ՌԴ-ն իրավունք չունեն Հայաստանին ասել՝ ինչ պետք է անել։ «Իսկապես ցավալի է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք խնդրանքով են դիմում այլ երկրի հատկապես պառլամենտական ղեկավարությանը, որ դիմեն ՀՀ ղեկավարությանը ինչ-որ բան անելու կամ չանելու համար։

Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ անկախ պետության ենք եւ ինքներս պետք է մեր խնդիրները լուծենք, այլ ոչ թե գնանք, ուրիշներին խնդրենք»,– ասաց Թեւան Պողոսյանը։

Հարցին՝ որեւէ մեկը հետո. Զուրաբյանից, բացատրություն պահանջե՞լ է նրա ասածի համար, Պողոսյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չեմ պահանջել։ Այն ուժը, որը քվեարկեց ԵՏՄ-ի օգտին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր խոսում էին այլընտրանքային ուղու մասին, անվանում էր ջղաձգվողներ, ի՞նչ պահանջեմ այդ խմբից։ Իսկապես՝ ոչ այդքան լավ իրավիճակ էր ձեւավորվել, նույնիսկ տիկին Մատվիենկոն չէր հասկանում՝ ինչպես անել, եւ զարմանք հայտնելով՝ ասաց՝ բայց դուք սուվերեն երկիր եք, ինքներդ պետք է ձեր հարցերը լուծեք, մենք ո՞վ ենք, որ այդպիսի հարցեր բարձրաձայնենք, իսկ այն, ինչ ասել է Պուտինը, ասել է ՌԴ-ի համար եւ դա վերաբերում է միայն ՌԴ-ին»։

Ի դեպ, պատգամավորը հայտնեց նաեւ, որ Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը իր տեսակետները արտահայտել է հայերեն եւ ապահովվել է պատշաճ մակարդակով թարգմանություն ա միայն մեկ պատգամավոր է ռուսերեն խոսել։ Պարզվում է, այդ պատգամավորը եղել է Լեւոն Զուրաբյանը։ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե այլ բան Զուրաբյանից չէին էլ սպասում։

«Մատվիենկոն հեգնանքով եւ ժպիտով ասաց, որ Սահմանադրություն փոխելը Ժողովրդի իրավունքն է, եւ սուվերեն Հայաստանը պետք է որոշի իր խնդիրը, ի՞նչ կապ ունի ՌԴ-ն կամ ՌԴ նախագահը կամ մեկ այլ երկիր, որ միջամտի ձեր գործերին»,– ասաց Բաղդասարյանը։

Մեր հարցին՝ դուք է՞լ չեք զրուցել Զուրաբյանի հետ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց.

«Բայց նա էլ հենց դա է ուզում, որ մենք անընդհատ նրան հետաքրքրության, ուշադրության կենտրոնում պահենք, բացատրություններ պահանջենք։ Իսկ դուք չգիտե՞ք՝ ինչ են ցանկանում նման տիպի մարդիկ։ Նրանք ուզում են ինչ-որ սենսացիոն, անիմաստ, անհեթեթ հայտարարություններ անեն եւ հետաքրքրության շարժեն, մենք էլ լարվենք ու սկսենք պատասխաններ պահանջել։ Ընդհանրապես՝ մենք դրան հեգնանքով ու ժպիտով ենք նայում, լավագույն պատասխանը արհամարհանքն է։ Նրա այդ հայտարարությունները մեզ համար ուրախության են»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս