Քարերը ստուգելու ժամանակը. «Հայկական ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում սույն թվականի հունվարի 15-ին կայացած բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիների եւ ոստիկանների բախման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը «անիմաստ» ձգձգվում է։ Հիշեցնենք՝ այդ օրը հազարավոր գյումրեցիներ ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով, որ Ավեստիսյանների ընտանիքի 7 անդամներին գնդակահարած ռուս զինվորական Վալերի Պերմյակովը հանձնվի հայկական կողմին։ Արդեն տեւական ժամանակ է՝ սույն քրեական գործի շրջանակներում ոչ մի քննչական գործողություն չի կատարվում մեղադրյալների մասնակցությամբ։ Քրեական գործի շրջանակներում կա 19 մեղադրյալ։ Նրանք բոլորն էլ մեղադրվում են խուլիգանություն կատարելու մեջ։ Այս գործով նախաքննական մարմինը ձերբակալել էր միայն գյումրեցի Մնացական Ալեքսանյանին, սակայն նա երկու օր անց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն երկրից չհեռանալու մասին։
Երեկ Մնացական Ալեքսանյանի պաշտպան Հայկ Հարությունյանն ասաց, որ երկու ամիս առաջ սույն գործով նշանակվել է «քարերը ստուգելու» փորձաքննություն. «Բախումների օրը նետած քարերն ուղարկվել են փորձաքննության, երեւի ցանկանում են պարզել, դա սառը զենք համարվու՞մ է, թե՞ չի համարվում, կամ օգտագործվող այլ առարկաների մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ : Բայց հիմնականում ինձ թվում է՝ այս փորձաքննությունը նշանակվել է պարզապես ժամանակ ձգելու համար։ Ես միտում եմ տեսնում՝ գործի նախաքննությունը անիմաստ ձգձգելու»,- ասաց Հարությունյանը։ Հարցին, թե սույն փորձաքննությունը գործի համար կարեւոր նշանակություն ունի՞, փաստաբանը պատասխանեց, որ այն չի կարող քրեական գործի համար էական նշանակություն ունենալ, ուստի, ըստ նրա՝ այս փորձաքննությունը նշանակելու անհրաժեշտությունը չկար»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: