«Ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանն աչք չեն փակի Ղարաբաղում պատերազմի վերսկսման վրա». Գևորգ Միրզայան
168.am-ի զրուցակիցն է ռուսաստանյան «Էքսպերտ» ամսագրի արտաքին քաղաքական հարցերով հատուկ թղթակից, վերլուծաբան Գևորգ Միրզայանը:
– Պարոն Միրզայան, հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության մակարդակը շարունակում է աճել, ադրբեջանական կողմը սկսում է ավելի ծանր սպառազինություն օգտագործել Հայաստանի դեմ: Շատ փորձագետներ այլևս չեն բացառում պատերազմի վերսկսման հնարավորությունը: Դուք ի՞նչ եք կարծում ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
– Իլհամ Ալիևը չափազանց լավ գիտի իր քաղաքականության սահմանները, այսինքն` այն, ինչ իրեն թույլատրված է անել, և ինչը` ոչ: Սակայն նրան ոչ թե թույլատրված է լարվածության ներկայիս մակարդակը, այլ «մարդիկ» պատրաստ են աչք փակել նրա սադրանքների վրա, բայց ոչ՝ պատերազմի վերսկսման: Պատերազմական քաղաքականության արդյունքում Ադրբեջանը «հարվածների կարժանանա» բոլոր կողմերից, այդ թվում՝ Արևմուտքի: Ուստի համոզված եմ, որ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությունը զրոյական է, սակայն սադրանքները կշարունակվեն, որը չի հանգեցնի լայնամասշտաբ պատերազմի:
– Այսինքն` Ձեր համոզմամբ, լարվածությունը ձեռնտու է միայն Ադրբեջանին:
– Այո: Բնականաբար, ավելի հիմնավոր կխոսեմ Ռուսաստանի մասին: Ռուսաստանին պատերազմ Ղարաբաղում պետք չէ, քանի որ Ռուսաստանին հետսովետական տարածքում որևէ ճգնաժամ անհրաժեշտ չէ, լինի դա Ղարաբաղում թե Միջին Ասիայում, Կովկասում, քանի որ շատ լուրջ միջոցներ են ուղարկվում Ուկրաինա, իսկ այսօր կա նաև Սիրիան: Ռուսաստանը շատ լավ է հասկանում, որ պատերազմը Հարավային Կովկասում անկայունության ալիք կբարձրացնի Հյուսիսային Կովկասում, ինչը Ռուսաստանի համար հավելյալ անվտանգության սպառնալիք ու խնդիր կդառնա: Այնպես որ, վստահ եմ, որ Ռուսաստանն այսօր Հարավային Կովկասում պատերազմ չի ցանկանում:
– Այնուամենայնիվ իրավիճակը հայկական և ադրբեջանական մամուլում տարբեր մեկնաբանությունների է արժանանում: Դրանցում ամենահաճախ քննարկվող հարցը ռուսական զորքերի հնարավոր մուտքն է Ղարաբաղ՝ այնտեղ ռուսական վերահսկողություն սահմանելու նպատակով: Ըստ մեկ այլ պնդման` Ռուսաստանը ցանկանում է իր կողմը գրավել Ադրբեջանին ԵՏՄ անդամակցությամբ: Որքանո՞վ է իրատեսական ՌԴ-ի այս մտադրությունը, եթե, ըստ Ձեզ, կա նման մտադրություն:
– Ըստ իս, այդ մեկնաբանությունները թյուրիմացությունների ժանրից են: Եթե խոսում ենք որևէ երկրի գործողությունների մասին, ապա պետք է պատասխանենք հետևյալ հարցին` ինչո՞ւ է դա նրան պետք: Այսինքն` ինչո՞ւ պետք է Ռուսաստանը ցանկանա զորքեր մտցնել Ղարաբաղ, առավել ևս, երբ դրա համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը: Ի՞նչ կստանա դրանից Ռուսաստանը: Ռուսաստանն առանց այն էլ վերահսկում է Հայաստանին, ունի ազդեցության լծակներ Ադրբեջանի նկատմամբ: Ղարաբաղ զորք մտցնելը նշանակում է սեփական երկիրը պատասխանատվության տակ դնել տեղի ունեցող նորանոր սադրանքների համար: Դա Ռուսաստանի համար ավելորդ գլխացավանքներով է լի: Առանց Ադրբեջանի և Հայաստանի համաձայնության՝ Ռուսաստանը չի կարող զորք մտցնել Ղարաբաղ: Ես դրա քաղաքական հիմնավորումը նույնիսկ չեմ կարող տալ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցությանը, ապա այս հակամարտությունում ԵՏՄ անդամակցությունը գործոն չէ, քանի որ Ադրբեջանին ԵՏՄ անդամակցության են մղում այլ ուժեր: Օրինակ` Իրանը, որը դուրս է գալիս մեկուսացումից: Ուստի եզրակացությունս այն է, որ Ռուսաստանը շարունակելու է իր ավանդական դիվանագիտությունը, Ռուսաստանը շարունակելու է համոզել Ալիևին՝ դադարեցնել սադրանքները կամ հատկապես իջեցնել լարվածության մակարդակը, որովհետև բոլորն են հասկանում, որ Ադրբեջանի նախագահը ցանկանում է պահել հակամարտության գոտում լարվածության մակարդակը:
Այս ամենի հետ մեկտեղ՝ Ադրբեջանը տարբերակներ չունի, քանի որ Եվրոպայի հետ վատթարացել են իր հարաբերությունները, Իրանն է հարևանությամբ, ո՞ւմ է նա հետաքրքիր` Թուրքիայի՞ն, Թուրքիան այսօր շատ ավելի լուրջ արտաքին և ներքին խնդիրներ ունի, չի պատրաստվի «վիճել» Ռուսաստանի հետ Հարավային Կովկասի համար, քանի որ 2008թ. դասերը Թուրքիան ավելի մեծ եռանդով է սերտել, քան եվրոպացիներն ու ամերիկացիները: