Ռուսաստանի ՊՆ-ն խոստանում է ուժեղացնել ավիահարվածների ինտենսիվությունը Սիրիայում
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոստանում է ուժեղացնել ավիահարվածների ինտենսիվությունը, որոնք հասցվում են Սիրիայի օբյեկտներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ 3 օրում ռուսական ավիացիան Սիրիայում իրականացրել է ավելի քան 60 մարտական թռիչք ու կարողացել է լուրջ նյութական վնաս հասցնել ԴԱԻՇ-ին:
Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի Ռաքքա քաղաքում ԴԱԻՇ-ի հրամանատարական կետի ոչնչացման մասին:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ պայթեցվել է նաև ստորերկրյա բունկեր՝ պայթուցիկ նյութերով ու զինապահեստ:
Նա հայտնել է, որ ռուսական ավիախումբը 1 օրում իրականացրել է ավելի քան 20 թռիչք ու 10-ական հարված է հասցրել ԴԱԻՇ-ի 9 օբյեկտի:
Վերջինիս խոսքով՝ հարվածների հետևանքով զինյալների շարքերում խուճապ է սկսվել ու ԴԱԻՇ-ի հարյուրավոր զինյալներ թողել են իրենց դիրքերն ու փորձում են Եվրոպա ներթափանցել փախստականների տեսքով:
ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ հետագայում մտադիր են ավիահարվածներն ավելի հաճախակի դարձնել:
Ավիահարվածների թիրախ են դառնալու ղեկավարման կետերը, զինապահեստները, զենքի գործարաններն ու զինյալների պատրաստման ճամբարները:
Դրա հետ միասին, գերատեսչությունում հերքել են մեղադրանքները, թե հարվածները ԴԱԻՇ-ի դիրքերին չեն հասցվում, այլ Սիրիայի չափավոր ընդդիմության: