Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն սեպտեմբերի 24-25-ը Նյու Յորքում

Սեպտեմբերի 24-25-ը Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում է արդբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:

Նրա խոսքով՝ սկզբում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները նախ՝ առանձին հանդիպումներ կունենան Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ, իսկ հետո տեղի կունենա համատեղ հանդիպում:

«Վերջին շրջանում հաճախակի են դարձել կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպքերը: Հուսով եմ՝ այդ հարցերի վերաբերյալ ինչ-որ արդյունք կգրանցվի: Այդ ոլորտում Ռուսաստանը ամրապնդել է իր դիվանագիտությունը: Սերգեյ Լավրովը ժամանեց Ադրբեջան, ես գնացի Մոսկվա: Սակայն ձեռքբերման համար մենք պետք է աշխատենք: Ռուսաստանը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին: Կձգտենք արդյունքի հասնել, սակայն վաղ է ինչ-որ բանի մասին խոսելը»,- հայտարարել է Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՀԿ Մինկսկի խմբի համանախագահները կկազմակերպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպման մասին հայտնել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը պաշտոնապես մեկնարկել է սեպտեմբերի 15-ին:

Տեսանյութեր

Լրահոս