Սբ. Աստվածածին եկեղեցին բոլոր տվյալներն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մշակութային արժեքների ցանկում ընդգրկվելու համար. Թոմաաս Քոմփմանն
Սեպտեմբերի 3-ից Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցում չափագրման և հատուկ ուսումնասիրություններ կատարելու նպատակով Հայաստան են ժամանել Դանիայի Կոպենհագենի ճարտարապետական ակադեմիայի ավագ լսարանի 34 ուսանողներ և երեք պրոֆեսորներ: Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանի և Կոպենհագենի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոսի միջոցով Օձուն այցելած ուսումնասիրողների խմբին դիմավորել են Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանն ու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը:
168.am-ի հետ զրույցում Կոպենհագենի ճարտարապետական համալսարանի պրոֆեսոր Թոմաաս Քոմփմաննը պարզաբանեց, որ չափագրումներն արվում են ապագայում Օձունի տաճարը որպես վաղ միջնադարյան ճարտարարապետության կարևորագույն կոթողներից մեկը Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի ճարտարապետական ինստիտուտների ուսումնական ծրագրում ներառելու համար:
– Պարոն Քոմփմանն, ինչո՞վ է ձեր խմբին գրավել Օձունի Սբ. Աստվածածին տաճարը:
– Նախ՝ ասեմ, որ ես այստեղ առաջին անգամն եմ և հիացած եմ Օձունի Սբ. Աստվածածին տաճարի գեղեցկությամբ և համաշխարհային նշանակության կարևորությամբ: Ամեն տարի մենք ուսումնասիրողների խմբով այցելում ենք համաշխարհային նշանակություն ունեցող որևէ սրբավայր, այս տարի մեր ընտրությունը կանգ առավ հենց այս եկեղեցու վրա: Այս հրաշալի եկեղեցու մասին մեզ տեղեկացրել է Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը, Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանի և Կոպենհագենի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոսի միջոցով:
– Ի՞նչ նպատակների համար են կատարվում եկեղեցու չափագրումները:
– Ճարտարապետական չափագրումների և ուսումնասիրությունների շնորհիվ մենք կարողանում ենք պարզել եկեղեցու նախնական տեսքը, թե ի՞նչ ճարտարապետական զարգացումների է ենթարկվել կառույցը տարբեր տարիներին կատարված վերականգնման աշխատանքների արդյունքում՝ ի՞նչ քարեր են տեղադրվել, ի՞նչ ծավալի աշխատանքներ են կատարվել, և այլն: Ուսումնասիրությունների ընթացքում մեր հավաքագրած տվյալները հետագայում կներառվեն Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի ճարտարապետական ինստիտուտների ուսումնական ծրագրերում:
– Այս պահին էլ եկեղեցին վերականգնման աշխատանքների փուլում է, թեև դրանք անորոշ ժամանակով դադարեցվել են: Ի՞նչ կարծիքի եք վերջին վերականգնողական աշխատանքների որակի մասին:
– Ես տեսնում եմ, որ այստեղ որոշակի ծավալի աշխատանքներ կատարվել են, և, որ արվել են վատ որակով, բայց այնուհանդերձ, ակնհայտորեն աշխատանքներն ավարտուն չեն: Վերականգնման աշխատանքները թերի են: Երբ ես տեսա եկեղեցին ու դադարեցված վերականգնողական աշխատանքները՝ ցավ ապրեցի: Եթե սրահները ֆինանսի բացակայության պատճառով հնարավոր չէ ամբողջական տեսքի բերել, որը կնպաստի ոչ միայն եկեղեցու տեսքի բարելավմանը, այլև շինության ամրությանը, ապա անհրաժեշտ է կամարակապի չափով ծածկեր անել, իսկ որմնակամարների վրա՝ նվազագույնը մեկ շարք ավելացնել:
Բակում թափված մայր քարերի մասին եմ ուզում խոսել՝ եթե մենք նման վաղեմության մշակութային կոթող ունենայինք, ապա վերանորոգման նպատակով հանված մայր քարերը ոչ միայն դրսում թափված չէին լինի, այլև հատուկ ջերմային ռեժիմ ապահոված փակ տարածության մեջ կպահպանվեին, մինչև դրանց վերագործարկումը, որովհետև, եթե այդ քարերը երկար թափված մնան այդտեղ՝ բաց երկնքի տակ, ապա դրանք անխուսափելիորեն կքայքայվեն՝ արևից, անձրևներից ու քամուց, և այլևս պիտանի չեն լինի հետագա օգտագործման համար: Եվ եթե հաշվի առնենք, որ այդ քարերը պատկանում են մեծարժեք համաշխարհային նշանակություն ունեցող կոթողին, ապա նման մոտեցումը միայն ամենաթողությամբ կարելի է մեկնաբանել:
– Պարոն Քոմփմանն, ի՞նչ կարծիքի եք՝ Սբ. Աստվածածին եկեղեցին կարո՞ղ է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մշակութային արժեքների ցանկում:
– Անկասկած այս եկեղեցին ունի բոլոր տվյալներն այդ ցանկում ընդգրկվելու համար, և, եթե դա չպատահի, ապա պատճառը պետք է փնտրել քաղաքական ասպեկտներում միայն: Կարծում եմ, այս հարցով շահագրգռվածություն պետք է ցուցաբերեն նաև տեղի իշխանությունները:
– Բացի Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցուց, հայաստանյան որևէ այլ պատմամշակութային հուշարձան այցելեցի՞ք այս ընթացքում:
– Մենք այստեղ ենք արդեն 10 օր, և, բացի Օձունից, հասցրել ենք լինել նաև տարածաշրջանի այլ սրբավայրերում ՝ հիացել ենք Հաղպատավանքով, Սանահինի վանական համալիրով: Պետք է ասեմ, որ իմ տպավորությունները գերազանցեցին բոլոր սպասելիքներս: Ես ցնցված եմ: Դուք հիանալի պատմամշակութային հուշարձաններ ու համաշխարհային նշանակության գանձեր ունեք:
Լուսանկարները՝ Տաթև Զարգարյանի