Գորգով եվրոպացիներին դիմավորող Նիկոլ Փաշինյանը կխոսի՞ Արցախում գողացված ու ոչնչացված հայկական մշակույթի ու գորգերի մասին
Պարզվում է, Հայաստանի օրվա իշխանությունը յուրահատուկ «սեր» է տածում գորգերի նկատմամբ, մեկ Վարդավառի տոնին միլիոնավոր դրամներ են հատկացնում ու խալիներ լվանում Բաղրամյան պողոտայում, մեկ՝ Երևանի կենտրոնական փողոցներում են խալիներ նկարում։
Դեռևս 2019 թվականին Վարդավառի տոնին, Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ հարևանությամբ, ՔՊ-ական պատգամավորները «գորգեր լվանալու» միջոցառում էին կազմակերպել, որի համար, իհարկե, մեծ գումար էին վատնել։ Այդ առիթով ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանն ասել էր, որ «գորգեր լվանալ շատ է սիրում, թեպետ այդ օրը չի լվանալու, ավելին՝ Վարդավառի տոնը ևս մեկ առիթ է, որպեսզի օգտագործեն ու հայկական հազարամյա մշակույթը պրոպագանդեն, հանրությունն էլ գնա, տեսնի ու հպարտանա»։
«Գորգեր լվանալու» այս արարողությունից գրեթե մեկ տարի անց՝ 2020 թվականին ու դրանից հետո, սակայն, ՔՊ-ականներն իրենց դիրքորոշումը կտրուկ փոխեցին գորգերի ու առհասարակ ազգային մշակույթի նկատմամբ։ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն օկուպացրեց հայկական Շուշին, ոչնչացնելով հայկական հազարամյա մշակույթը, տանելով հայկական գորգեր, մի քանիսը Շուշիի գորգերի թանգարանի տնօրենին հաջողվել էր փրկել ու տեղափոխել Հայաստան, այդ փրկված գորգերը պահելու համար մինչև օրս որևէ տեղ իշխանությունը չի հատկացրել։ Հավանաբար Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները վախենում են՝ ինչպես «Արցախ» բառն օգտագործել, այնպես էլ՝ որևէ տեղ հատկացնեն Արցախից փրկված գորգերը պահելու համար։

Ապրիլի 25-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքի մի քանի փողոցներ փակել ու խորոված-փարթիով նշում էր «Քաղաքացու օրը», Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում՝ «Ալեքսանդր» հյուրանոցի հարևանությամբ, սկսեցին նկարել գրաֆիտ գորգ, հավանաբար մայիսի 4-ին Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցներին դիմավորելու համար։ Հուսանք, Նիկոլ Փաշինյանը եվրոպացի գործընկերներին դիմավորելուց հետո, նրանց կպատմի նաև Արցախում թողած հայկական ամենահին գորգերի մասին, որոնք դարձել են ադրբեջանցի զինվորների ավարը՝ Շուշին օկուպացնելուց հետո։
Ինչևէ, հարկ է նաև նշել, որ թեև իշխանությունը «սիրում» է հայկական գորգերը, բայց, օրինակ, 2018 թվականին, երբ Գերմանիայի կանցլերը ժամանել էր Հայաստան, նրան պարսկական գորգով էին դիմավորել, այդ մասին ահազանգել էին մասնագետները։

Երբ մենք նկարահանում էինք գրաֆիտ գորգը, այն դեռևս ամբողջական չէր, մի հատվածի աշխատանքները ավարտված էին, մի հատվածինը՝ ոչ, հավանաբար մինչև եվրոպացիների գալն այն ավարտին կհասցնեն։ Գրաֆիտ գորգի տարածքը ժապավենով փակված է։
Գորգ գրաֆիտի հեղինակը «Gandz Graffiti» ընկերությունն է։ Ինստագրամից տեղեկացանք, որ Դուբայում հիմնադրված թիմը տարիներ շարունակ ստեղծում է գրաֆիտի, մուրալ արվեստի և ժամանակակից փողոցային մշակույթի ստեղծագործություններ։ Նրանց աշխատանքները ներկայացվել են տարբեր երկրներում՝ համագործակցելով Red Bull-ի, Adobe-ի, Դուբայի քաղաքապետարանի, ինչպես նաև մի շարք փառատոների և մշակութային միջոցառումների հետ Սաուդյան Արաբիայում, Հայաստանում և այլուր։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



