Բաժիններ՝

Գեղեցկության սրահ «Արտակարգ քաղաքում»

Հունիսի 26-ին ՀՀ ՏԿԱԻՆ «Արտակարգ քաղաքում» բացվեց գեղեցկության սրահ, որը նախատեսված է նախարարության հաշմանդամ աշխատակիցների համար։

-Նախարարի աջակցությամբ կարողացանք միահամուռ ուժերով կյանքի կոչել մտահղացումը: Սրահում կան բոլոր պայմանները հաշմանադամ աշխատակիցների համար: Անհրաժեշտության դեպքում նրանք ազատ և ինքնուրույն կարող են գալ սրահ, օգտվել վարսահարդարի և մատնահարդարի ծառայություններից,-նշում է ՀՀ ՏԿԱԻ նախարարի օգնական Ռոզա Ավետիսյանը և հավելում,

-Իհարկե, սրահը հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար է նախատեսված, բայց ծառայություններից կարող են օգտվել նաև նախարարության բոլոր աշխատակիցները:

ՀՀ ՏԿԱԻ նախարարության համակարգում աշխատում է 30 սայլակավոր հաշմանդամ: Նրանց հաջողվել է ոչ միայն աշխատանք գտնել, այլ նաև ապրել լիարժեք կյանքով՝ ձեռքբերելով սրտացավ գործընկերներ և կայանալու նոր հնարավորություններ:

Երևանում տեղակայված ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 23 սայլակավոր հաշմանդամների համար ստեղծված են ազատ տեղաշարժվելու, մարզվելու և աշխատելու բոլոր պայմանները: Երևանյան կենտրոնի փորձն աստիճանաբար փոխանցվում է մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններին, որտեղ այսօր արդեն կան սայլակավոր հաշմանդամ աշխատակիցներ:

Վերջերս նախարարությունում կազմակերպվեցին կարատեի դասեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց ինքնապաշտպանական հմտությունները զարգացնելու նպատակով: Մեր աշխատակիցները մասնակցում են նաև տարբեր սպորտային և մշակութային միջոցառումների՝ գրանցում նկատելի ձեռքբերումներ:

Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության օպերատոր Գոհար Նավասարդյանը ներկայացնում է սրահի հարմարավետությունը, անդրադառնում թեքահարթակների կարևորությանը և պատմում ցանկության մասին: Գոհարը սիրում է երաժշտությունը և պարը, վերջերս նախարարության բակում կազմակերպված միջոցառումներից մեկում մասնակցել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի՝ «Ակադեմիա. 911» պարային ծրագրին.

-Այստեղ մեզ համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները մարզվելու, նախարարության տարածքում գործող բժշկական հաստատությունից օգտվելու համար: Կցանկանայի նաև, որպեսզի ստեղծվեր հաշմանդամություն ունեցող անձանց պարի խումբ, հնարավորություններ՝ դասընթացները կազմակերպելու համար:
Խոսելով հետագա ծրագրերից՝ Ռ. Ավետիսյանը նշում է, որ անելիքներ շատ կան, որոնք աստիճանաբար կյանքի կկոչվեն.

-Առաջիկայում նախատեսում ենք ստեղծել ՀՀ ՏԿԱԻ նախարարության թանգարան, որտեղ կներկայացվեն ստեղծման պատմությունը, հետաքրքիր փաստեր:
Հնարավորություններ, ցանկություններ, անելիքներ… Սայլակավոր հաշմադամ մեր աշխատակիցները ունեն բազմաթիվ նպատակներ և համոզված են, որ դրանք անկասկած կիրագործվեն, քանի որ ունեն պատրաստակամ և հավատարիմ աջակիցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս