Բաժիններ՝

Ճախրող սակագներ

Ամենամռայլ սպասումներն իրականացան: ՀԷՑ-ը դիմեց սակագների ավելացման պահանջով: Եթե ՀԾԿՀ-ն դակի ավանդական դարձող դիմում-պահանջը, էլեկտրաէներգիայի նոր սակագները մինչև տարեվերջ կսնանկացնեն թե՛ տնտեսությունը, թե՛ բնակչությանը: ՀԷՑ-ը պահանջում է էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը դարձնել 59 դրամ՝ գործող 42-ի փոխարեն, իսկ գիշերայինը 49 դրամ`գործող 32-ի փոխարեն: Հայրենի կառավարության դիրքորոշումն արդեն հայտնի է:

Ոլորտի նախարարը հայտարարել է, որ ՀԷՑ-ի դիմումն օբյեկտիվ հիմքեր ունի: Այսինքն` կառավարությունը տնտեսության ու բնակչության շահերը չի պաշտպանի: Վերջին երկու տարում անընդհատ խոսվում է ՀԷՑ-ի ծանր ֆինանսատնտեսական վիճակի մասին:

Երկու տարի առաջ ՀԾԿՀ-ն այդ փաստարկներին ականջալուր` բարձրացրեց սակագինը: Բայց վիճակը շարունակեց վատանալ: Հիմա նշվում է, որ ՀԷՑ-ն արդեն 250 մլն դոլար պարտքեր է կուտակել: Ոչ պաշտոնական զրույցներում էներգետիկներն ասում են, որ արդեն երեք ամիս է՝ ՀԷՑ-ը չի վճարում հիդրոկայաններից ստացած էլեկտրաէներգիայի դիմաց:

Այսինքն՝ ատոմակայանին վճարում է, ջերմակայաններին վճարում է, բայց հիդրոկայաններին` ոչ: Ռուսաստանյան մենեջմենթի դասական օրինակ է: Հարազատ` ռուսաստանյան կառավարում ունեցող ընկերությունները ՀԷՑ-ից ստանում են իրենց մատակարարած ապրանքի գինը, իսկ տեղական հոսանք արտադրող ընկերությունները ոչինչ չեն ստանում: Ժամանակին այսպես` հասարակությունից թաքուն ու կառավարության թողտվությամբ գազամատակարարման համակարգը հայտնվեց 300 մլն դոլար պարտքի տակ: Գործընթացն ավարտվեց գազի սակագնի բարձրացմամբ: Հիմա հերթը ՀԷՑ-ինն է:

Ստեղծված ֆինանսատնտեսական անհասկանալի վիճակը ՀԷՑ-ի ղեկավարությունը բացատրում է անբարենպաստ եղանակային պայմաններով: Իբր անցած տարին սակավաջուր էր, և էլեկտրաէներգիայի պահանջը բավարարելու համար արտադրվել է ջերմային` այսինքն` ամենաթանկ հոսանքը: Իսկապես 2009թ. ջերմային կայաններն արտադրել էին հոսանքի 20 տոկոսը: 2010-ին՝ 22 տոկոսը:

Բայց հետո պատկերը փոխվել է. 2011-ին ջերմակայանների մասնաբաժինը դարձել է 32 տոկոս, 2012-ին՝ կրկին ցատկել` 42 տոկոս դառնալով, 2013-ին «կայունացել»` 41 տոկոս: Սա` այն պարագային, երբ տարին տարվա վրա ավելանում էին հիդրոկայանները: Կանաչների բողոքներն անտեսելով` երկրի բոլոր գետերի հնարավոր բոլոր վայրերում հիդրոկայանների խողովակաշար մտցվեցին: Բայց, չգիտես ինչու, պաշտոնական բոլոր հաշվետվություններում նշվում է՝ էներգաարտադրության ոլորտում գերակշռող են դարձել ջերմային կայանները: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` նվազում է նաև ատոմակայանի մասնաբաժինն էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում: Սա, իհարկե, օդերևութաբանական տերմիններով ու տեղումների քանակի նվազմամբ չես բացատրի: Բայց միևնույն է՝ առանց բացատրության արձանագրվել է՝ ատոմակայանը 2009թ. արտադրել է էլեկտրաէներգիայի 44 տոկոսը:

Հետո հավանաբար նեղսրտել ու իր ցուցանիշը տարեցտարի նվազեցնելով` 2013-ին հասցրել է 30 տոկոսի: Մեր էներգահամակարգը 90-ականների ճգնաժամը հաղթահարեց` արտադրության կայուն կառուցվածք ձևավորելով: Հոսանքի մեկ/երրորդը ՋԷԿ-երն էին արտադրում, մեկ/երորդը` ՀԷԿ-երը, մեկ/երրորդը` ԱԷԿ-ը: Հիմա կառուցվածքը պաշտոնապես փոխել են: Կամ էլ փոխված են հայտարարվել: ՋԷԿ-երին 41 տոկոսն է բաժին ընկել, ԱԷԿ-ին` 30-ը, ՀԷԿ-երին` 29 տոկոսը: Ու այս նոր կառուցվածքը ՀԷՑ-երին հնարավորություն է «ընձեռել» 250 մլն դոլար պարտք կուտակել ու երկու տարում էլեկտրաէներգիայի սակագնի կրկնակի աճ ակնկալել: Մինչդեռ ոլորտի ընդհանուր թվերը համարյա չեն փոփոխվել:

Բնակչությունը շարունակում է սպառել արտադրված հոսանքի 24 տոկոսը: Համարյա նույն ցուցանիշն է բաժին ընկնում արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը և տրանսպորտի ոլորտին: Բայց՝ միասին վերցված: Համարյա նույն՝ 24 տոկոսի չափով օգտագործում է սպասարկման ոլորտը` կազինոներ, հյուրանոցներ, զվարճանքի վայրեր: Վերջին տարիներին արտահանումն էլ են կայունացրել` այն կազմում է արտադրված հոսանքի 16 տոկոսը: Նույնքան կայուն է նաև այն, ինչ մեր հայրենի Էներգետիկայի նախարարության ու հարազատ ՀԷՑ-երի ղեկավարությունները փաղաքշաբար անվանում են «Կորուստներ ընդհանուր օգտագործման ցանցերում»:

Այս ցուցանիշն ամենաէական ազդեցությունն ունի ոլորտի կոռուպցիոն մասշտաբների ու սակագնի վերանայման տոտալ դիմումների ներկայացման գործում: Ուստի կարելի է ուսումնասիրել այդ բառի ուղիղ իմաստով` թանկարժեք կորուստների պաշտոնական վիճակագրությունը: Մեր երկրի ընդհանուր օգտագործման ցանցերում էլեկտրաէներգիան կորել է հետևյալ մասնաբաժիններով: 2006թ. կորել է արտադրվածի 11 տոկոսը, 2007-ին` 13-ը, 2008-ին` 14-ը, 2009-ին` 15-ը, 2010-ին` 11 տոկոսը:

Իսկ ա՛յ, 2011-ից հետո կորուստների հաշվետվությունն ուսումնասիրողի մոտ տպավորություն կառաջանա, որ այն հաստատվել է խորհրդային Պետպլանի կողմից: Ոչ մի շեղում` անկախ բնակլիմայական պայմաններից ու աշխարհաքաղաքական իրավիճակից: Յուրաքանչյուր տարի կորում է նույն ծավալով` ուղիղ 12 տոկոս:

Ասեք, որ նկատելի է ռուսաստանյան մենեջմենթի հոգեթով ձեռագիրը: Մարդիկ մի անգամ հաշվարկել ու որոշել են, հո ամեն տարվա վերջում աչք չե՞ն քոռացնելու կորուստների հաշվարկի վրա: Իսկ կորուստների պատճառներն ուսումնասիրելը, դրանք նվազեցնելու ելքեր փնտրելը պարապ զբաղմունք է: Կամ պարապ մարդկանց զբաղմունք, եթե կուզեք: Եվ այսպես, մենք կրկին կանգնած ենք սակագնային ճախրանք հիշեցնող հերթական թռիչքի առջև:

Կանգնած ենք զարմանալի միակարծիք: Սակագների հերթական ճախրանքն ԱԺ պատգամավորները, ՀՀ Էներգետիկայի նախարարը, բոլոր-բոլորը բացատրում են ՀԷՑ-երի անարդյունավետ կառավարմամբ: Պարզվում է, այս մասին բոլորը գիտեն: Գիտեն, բայց որևէ քայլ չեն ձեռնարկում վիճակը շտկելու համար: Երևի սակագին բարձրացնելն ավելի հեշտ է: Ու, որ կարևոր է՝ ավելի շահավետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս