Ասիական զարգացման բանկն Ադրբեջանի կառավարությանը պետք է կոչ անի ազատել քաղբանտարկյալներին. HRW
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ասիական զարգացման բանկը և նրա բաժնետերերն առաջիկայում Բաքու կատարելիք այցի ժամանակ պետք է Ադրբեջանի կառավարությանը կոչ անեն վերջ դնել ակտիվիստների ու անկախ խմբերի վրա գործադրվող ճնշումներին:
Այս մասին նշված է Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարությունում: Մայիսի 2-5-ին Բաքվում տեղի է ունենալու Ասիական զարգացման բանկի ղեկավարների խորհրդի 48-րդ տարեկան ժողովը:
HRW-ը հայտարարել է, որ Ասիական զարգացման բանկն ընդունում է թափանցիկություն, կայուն զարգացման կարևոր տարրերին մարդկանց մասնակցությունն ու պատասխանատվությունը, մինչդեռ Ադրբեջանի կառավարությունը չտեսնված կամպանիա է ծավալել իրեն քննադատողների դեմ:
HRW-ի ներկայացուցիչ Ջեսիկա Էվանսը հայտարարել է. «Իր սկզբունքներին հավատարիմ մնալու համար՝ Ասիական զարգացման բանկի ղեկավարությունը պետք է կառավարությանը կոչ անի չեղյալ հայտարարել ԶԼՄ-ների ու հ/կ-ների գործունեության համար հաստատված բոլոր սահմանափակումները և ընդգծի դրանց կարևորությունը կայուն զարգացման համար»:
Ադրբեջանն Ասիական զարգացման բանկի անդամ է 1999 թվականից և ցայժմ ստացել է 1.5 միլիարդ դոլարի ներդրում: Բաքվում կայանալիք առաջիկա հանդիպմանը մասնակցելու է ավելի քան 3000 մարդ՝ պաշտոնատար անձինք, բիզնեսի առաջնորդները, ներդրողներ, լրագրողներ, հ/կ-ների ներկայացուցիչներ: