Կդիմեն ՄԻԵԴ

Վճռաբեկ դատարանը որոշել է վարույթ չընդունել «Հրապարակ» օրաթերթի և Ilur.am կայքի ներկայացուցիչների բողոքը: Երեկ մեզ հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Հրապարակ» օրաթերթի շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Հիշեցնենք, որ նախորդ տարի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննիչ միջնորդությունը՝ լրատվամիջոցներին տեղեկատվության աղբյուրը բացահայտելուն պարտավորեցնելու մասին:

– Պարոն Զեյնալյան, ի՞նչ եք պատրաստվում անել, Մարդու իրավունքների եվրոպական դատարան կդիմե՞ք:

– Այո, պատրաստվում ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և նաև պատրաստվում ենք վիճարկել կիրառված դրույթների սահմանադրականությունը:

– ՄԻԵԴ-ը նախկինում դիրքորոշում արտահայտե՞լ է այսպիսի գործերով:

– Հայաստանի մասնակցությամբ այդպիսի գործ չկա քննված, բայց կարծում եմ, որ գանգատներ ներկայացված եղել են, սակայն դեռևս չունենք այդպիսի գործ: Բայց Եվրոպական դատարանն այս իրավունքի վերաբերյալ բավականին հարուստ նախադեպային փորձ ունի, շատ դատական ակտեր ունի և բազմազան կերպով անդրադարձել է այս հարցին, ու մենք, նաև հղում կատարելով այդ դատական ակտերում արտահայտված իրավական դիրքորոշումներին, պահանջում էինք, որպեսզի առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի դատական ակտերն անվավեր ճանաչվեն: Սակայն ո՛չ վերաքննիչ դատարանն անդրադարձավ դրան, ո՛չ էլ վճռաբեկ դատարանը: Այսինքն՝ նախադեպային իրավունքը շատ հաստատ է, կայուն է, այն միջամտությունը, որ իրականացվել է այդ երկու լրատվամիջոցների իրավունքներին, հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
10-րդ հոդվածին:

– Ինչո՞ւ եք կարծում, որ ընդհանուր իրավասության դատարանը չպիտի բավարարեր քննիչի միջնորդությունը, իսկ վերադաս դատարաններն էլ պիտի վերացնեին այդ որոշումը:

– Բացակայում է օրենք, իրավունքի նյութաիրավական դրույթը, քանի որ այն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային այն ձևակերպմամբ, որ կա: Եթե անգամ ընդունենք, որ այն ձևակերպմամբ, ինչպիսին կա, կարող էր կիրառվել, ապա դա պիտի ներկայացվեր հրապարակումն իրականացրած լրագրողի դեմ, սակայն ներկայացվել է մի դեպքում՝ ենթադրաբար, իրավաբանական անձի դեմ: Մյուս պարագայում ներկայացվել է ընդհանրապես կայքի դեմ, որ որևէ առնչություն չունի ո՛չ ֆիզիկական, ո՛չ իրավաբանական անձանց հետ:

Այս հիմքով առաջին ատյանի դատարանն ընդհանրապես միջնորդությունը չպիտի քննության ընդուներ: Մյուս կողմից` ընթացակարգը, որով ընդունել է քննության, ներհատուկ է խուզարկության թույլտվություն տալու մասին որոշման ընթացակարգերին և հաղորդակցության միջոցների վերահսկման միջնորդությունը բավարարելու վարույթներին: Այսինքն՝ մի դեպքում վերաբերում է բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտությանը, մյուս դեպքում՝ նամակագրության գաղտնիության իրավունքին: Եվ բոլորովին ոչ մի կերպ, ոչ մի դեպքում չի վերաբերում խոսքի ազատության իրավունքին միջամտելուն: Այսինքն՝ բացակայում է նաև դատավարական ընթացակարգը, իսկ դատարանը պարտավոր է առաջնորդվել բացառապես այդ ընթացակարգերով, քրեական, դատավարական նորմերը չեն կարող լայն, ընդարձակ մեկնաբանվել և նաև չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել անալոգիայով՝ նմանակմամբ:

– Ձեր նշած հիմքերի պայմաններում ինչո՞վ էին դատարանները պատճառաբանում իրենց որոշումը:

– Ոչ համոզիչ, չպատճառաբանված դատական ակտեր են: Գիտեք, այս ոլորտում դատարանների կայացրած դատական ակտերի որակները, շատ ենք խոսել դրա մասին: Նույն սխալներն են թույլ տալիս: Փաստարկ ենք ներկայացրել, որ անգամ այս գործով, որի շրջանակներում իբրև անհրաժեշտ է բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացակայում է տուժողը:

Առաջին ատյանի դատարանի տրամադրության տակ նախաքննության մարմնի այդպիսի ակտ չի եղել, հետևաբար, որպես այդպիսին, քրեական գործ չկա: Եթե կա, ձեզ չեն ներկայացրել (նկատի ունի դատարանին), հետևաբար` պետք է այդ եղած նյութերի հիման վրա մերժեիք միջնորդությունը: Վերաքննիչ դատարանն ասում է՝ վերաքննիչ դատարանում դատախազը հայտարարեց, որ սպորտսմենները տուժող են ճանաչվել:

Դա ընդհանրապես վերաքննիչ դատարանի գործը չէ, նա պետք է նայեր՝ այդպիսի որոշում առաջին ատյանի դատարանի ձեռքի տակ եղե՞լ է, թե՞ չի եղել, ոչ թե իրեն պետք է դներ առաջին ատյանի դատարանի տեղ, փորձեր լուծել այդ խնդիրը՝ ընդ որում, դատախազի բանավոր հայտարարության հիման վրա: Պատկերացնո՞ւմ եք՝ վերաքննիչ դատարանն ինչ է արել: Սա մեջբերում էր վերաքննիչ դատարանի դատական ակտից: Խնդրեմ՝ նայեք վերաքննիչ դատարանի որակը:

Տեսանյութեր

Լրահոս