Reddit.com-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը «Մայր Հայաստան» հուշարձանին այցելելիս հիշում է Սարոյանի խոսքերը
Այս օրերին Հայաստան է ժամանել մեր հայրենակից, սոցիալական լրատվական reddit.com կայքի համահիմնադիր, այլ ընկերությունների հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով դեռևս 2012թ. հայտնվել էր նաև Forbes-ի ամենատաղանդավոր երիտասարդների շարքում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ միասին ։
Ալեքսիս Օհանյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզի աշխարհում ճանաչված հայազգի լավագույն մասնագետների, նորարար ընկերությունների հիմնադիրների հետ Նյու Յորքում առաջնորդվող HIVE ծրագրի շրջանակներում ապրիլի 25-ին, Երևանում մասնակցելու է Աշխարհի Ճարտարագետ-առաջնորդների միջազգային համաժողովին, որին հնարավորություն ունեն մասնակցել և ոլորտի առաջատարների հետ շփվել նաև հայաստանաբնակ մասնագետները և, ընդհանրապես, բոլոր այն մարդիկ, որոնց հետաքրքրում է, թե ինչպես են տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր կառավարում աշխարհի առաջընթացը` հավասար մրցելով կառավարությունների և այլ որոշիչ ուժերի հետ:
Forbes-ի Ինովացիաների կատեգորիայում տեղ էր գտել մեր հայրենակից Ալեքսիս Օհանյանը, ով ներկայումս բնակվում է Բրուքլինում։ Զբաղվում է համակարգչային գիտությամբ։ 2005 թվականին ավարտել է Վիջինիայի համալսարանը։ Forbes-ի ցանկում մեր հայրենակիցը տեղ է գտել սոցիալական լուրերի Reddit կայքի համար, որը հիմնադրել է 2005 թվականին՝ Սթիվ Հաֆմանի հետ միասին։
Երեկ Հայաստան ժամանած Ալեքսիս Օհանյանը երեկ և այսօր լուսանկարներ էր տեղադրել «Զվարթնոց» օդանավակայանից, Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած «System of a Down» խմբի հրաշալի ելույթից, Էջմիածնից:
Այսօր նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով «Մայր Հայաստան» հուշարձանի լուսանկարը, գրառում է կատարել՝ հիշեցնելով Վիլյամ Սարոյանի խոսքերը.
«Մայր Հայաստան: Այցելելով նրան՝ միշտ հիշեցնում է Վիլյամ Սարոյանի հետևյալ խոսքերը. «Ես կցանկանայի տեսնել այն ուժը, մրցավազքի այս աշխարհում, որը կարող է ոչնչացնել անկարևոր մարդկանց այս փոքր ցեղը. որոնց բոլոր պատերազմները տանուլ են տրվել, որոնց կառուցածը ավերվել է, գրականությունը չի ընթերցվել, երաժշտությունը չի լսվել, ու աղոթքները անպատասխան են մնացել.
Հառաջ, ոչնչացրեք Հայաստանը ու տեսեք, թե կարո՞ղ եք դա անել: Ուղարկեք նրանց դեպի անապատ, առանց հացի կամ ջրի, այրեք նրանց տներն ու եկեղեցիները, հետո տեսեք, թե արդյոք նրանք չե՞ն ծիծաղելու, երգելու ու աղոթելու կրկին: Երբ նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի որևէ վայրում, տեսեք, թե նրանք չե՞ն ստեղծելու արդյոք մի նոր Հայաստան»:
Ի դեպ, այսօր Ալեքսիս Օհանյանի ծննդյան 32-րդ տարեդարձն է, նա ծնվել է 1983թ. ապրիլի 24-ին։
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ