Առաջնորդները կգան Հայաստան
Տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզը հայ իրականության մեջ, թերևս, միակ ոլորտն է, որտեղ աշխարհով մեկ համախմբված են ոլորտի հայ մասնագետները: Նրանք թելադրում են նոր գաղափարներ, չեն վախենում ցույց տալ այն սխալները, որոնց վրա կառուցել են իրենց հաջողությունը և, ամենակարևորը` նրանք այն եզակիներից են, որոնք կարողանում են ներշնչել դիմացինին` կյանքն ավելի լավը դարձնելու առումով:
Ոլորտի հայ մասնագետներին համախմբելուն նպաստում է նաև «Հովնանյան» հիմնադրամի կողմից Նյու Յորքում առաջնորդվող HIVE ծրագրի ստեղծած օնլայն հարթակը, որտեղ շարունակում են համախմբվել հայ լավագույն ծրագրավորողները, նորարար ընկերությունների հիմնադիրները, ՏՏ մասնագետները: Ինչպես 168.am-ին ասել է ՏՏ ոլորտում հայտնի հայ մասնագետ, ԱՄՆ-ում գործող «Այքոնեփս» (IconApps) ընկերության համահիմնադիր Ալ Եսայանը՝ «Նրանք բոլորն այսօր համախմբվել են՝ ի շահ Հայաստանի զարգացման»:
HIVE-ը սկսնակ ընկերություններին հնարավորություն է տալիս ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում, տրամադրում է որոշակի օժանդակություն և աջակցում գաղափարի իրականացմանը:
HIVE-ը մեկն է այն ծրագրերից, որի նախաձեռնությամբ էլ առաջիկայում՝ ապրիլի 25-ին, Երևանում տեղի է ունենալու Աշխարհի Ճարտարագետ-առաջնորդների միջազգային համաժողովը, որին հնարավորություն ունեն մասնակցել և ոլորտի առաջատարների հետ շփվել նաև հայաստանաբնակ մասնագետները և, ընդհանրապես, բոլոր այն մարդիկ, որոնց հետաքրքրում է, թե ինչպես են տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր կառավարում աշխարհի առաջընթացը` հավասար մրցելով կառավարությունների և այլ որոշիչ ուժերի հետ:
Մարկ Ցուկերբերգի, Սթիվ Ջոբսի, Սթիվ Վոզնյակի և ՏՏ նախկին ու ներկա առաջատար անունների կողքին այսօր հնչում են նաև հայերի անուններ, որոնք նույնպես իրենց գլխավոր դերակատարությունն են ունեցել (և շարունակում են ունենալ) ժամանակակից վիրտուալ աշխարհի ստեղծման գործում: Նրանցից երկուսը` Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, այսօր` գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանն ու Twitter-ի նախկին փոխնախագահ, «Թումոյի» խորհրդի անդամ Րաֆֆի Գրիգորյանը Ճարտարագետների համաժողովի երկու մասնակից հայերն են, ովքեր գործելով համաշխարհային հսկաների կողքին՝ վերջին տարիներին գտել են կապն իրենց հայրենիքի հետ և, անհրաժեշտության դեպքում, իրենց գործընկերներին ցույց են տալիս Հայաստանի տեղը: Համաժողովին նրանց են միանալու նաև այսօր աշխարհում հայտնի ծրագրավորողներ ու ճարտարագետներ, որոնցից յուրաքանչյուրն առաջնորդ է իր ասպարեզում: Հայաստան են գալու Google-ի ճարտարագիտական խմբի ղեկավար Դևիդ Սինգլթոնը, Faccbook-ի ճարտարագետներից Դեյլ Հարիսոնը, Twitter-ի նախկին ճարտարագիտական տնօրեն Դևիդ Լոֆցնեսը, թվային հրատարակության Issuu հարթակի փոխնախագահ Ալեքսանդր Գրոսը, Prezi օնլայն համագործակցության գործիքի ճարտարագիտական բաժնի ղեկավար Էրոն Սոգորը, ամերիկյան Urban Airship նշանավոր ստարտափի ավագ խորհրդատու Լենոն Դեյ-Ռեյնոլդսը, և Grammarly օնլայն խմբագրական կորպորացիայի տեխնիկական տնօրեն Դմիտրի Լիդերը:
Վերջին տասնամյակում աշխարհը փոխած նշված ընկերությունների ներկայացուցիչները «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում վարելու են աշխատարաններ (workshop), ունենալու են դասախոսություններ, իսկ համաժողովի հաջորդող օրերին բոլոր խոսնակները հայաստանցի մասնագետների հետ անցկացնելու են անհատական մենթորության ժամեր: Նշված խոշոր սոցիալական ձեռնարկատերերը բոլորն էլ հաջողության են հասել շատ երիտասարդ տարիքում. մեր հայրենակից Ալեքսիս Օհանյանը, օրինակ, 23 տարեկանում արդեն հասցրել էր ստեղծել և վաճառել Reddit-ը, իսկ այսօր ընդգրկված է ցանցի կառավարման մեջ: Տարբեր գիտաժողովներում այս մարդկանց ելույթներից հետո հազարավոր մարդիկ սկսում են հավատալ իրենց երազանքներին ու մտածել կարևոր քայլերի մասին, որոնք փոփոխություն են բերում:
Համաժողովի կազմակերպիչներից մեկի՝ «Թումո» ընկերության գաղափարներից մեկը` արվեստի և տեխնոլոգիաների համադրումը, համաժողովի սկզբունքներից մեկն է լինելու, և այդ շրջանակում նույն օրը` ապրիլի 25-ին, «Թումոյում» դասախոսություն է ունենալու նաև հայ նշանավոր ռոք երաժիշտ, System of a Down խմբի կատարողներից՝ «Թումոյի» խորհրդի անդամ Սերժ Թանգյանը: Նա հայ երաժիշտների հետ քննարկելու է երաժշտության միջոցով ինքնության բացահայտման հարցեր, նաև տեղի է ունենալու երաժիշտների հետ համատեղ նվագակցություն:
Համաժողովի օրը պատահական չի ընտրվել. Հայոց ցեղասպանությունից 100 տարի հետո ցեղասպանություն վերապրածների երեք ընտանիքի անդամներ` Րաֆֆի Գրիգորյանը, Ալեքսիս Օհանյանը և Սերժ Թանգյանը, իրենց օտար գործընկերների հետ Երևանում հաստատում են հայերի ու Հայաստանի մասնակցությունը ժամանակակից աշխարհի կերտմանը: Սերժ Թանգյանի և Րաֆֆի Գրիգորյանի հայրերն ԱՄՆ են տեղափոխվել Միջին Արևելքից, ուր գաղթել են 1915-ին, իսկ Ալեքսիս Օհանյանի պապերը Բիթլիսից՝ Ֆրանսիա, այնուհետև՝ ԱՄՆ գաղթած վերապրողներ են: Ի դեպ, Ալեքսիս Օհանյանը ծնվել է ապրիլի 24-ին, և այդ ամսաթիվը հատուկ նշանակություն է ունեցել նրանց ընտանիքում. տիպիկ ամերիկյան արտաքինով երիտասարդը խոստովանել է, որ իր վրա մեծ ազդեցություն են ունեցել իր հայկական ընտանիքը, հայկական ճաշերը, հայ մոր կերպարը, որ գիտի թիկունք կանգնել իր զավակին, և, ինչպես ասում է Ալեքսիսը, իր մայրն ամեն առիթով իրեն ասել է` «Տղաս, դու բացառիկ ես»: