100-րդ տարելիցից հետո մեր հասարակությունը պահանջներ պետք է դնի նախ իր առջև. Երվանդ Բոզոյան
Ցեղասպանության հուշահամալիր այցելած նախագահներն ու պատվիրակությունները մեծ հարգանք են առաջացնում այդ երկրների հանդեպ: 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ ավելացնելով, թե ճիշտ չէ գնահատականներ տալ նախագահների ելույթներին, չնայած ամենամարդկայինն ու հուզականը Ֆրանսիայի նախագահի ելույթն էր:
Քաղաքագետի խոսքով՝ այսօր միջազգային հանրությունը Հայաստանի հանդեպ ավելի մեծ վստահությամբ է լցված, քան Թուրքիայի.
«Եթե այլ ճանապարհով գնար Թուրքիան և կիսեր մեր հետ Ցեղասպանության ցավը, իրենք ավելի շահեկան դիրքերում կհայտնվեին այսօր: Ի վերջո, մի օր պետք է ճանաչեն այդ պատմական փաստերը, ինչքան շուտ լինի, այդքան լավ՝ իրենց համար, գերտերություն է ուզում դառնալ, ուրեմն պետք է մաքրի իր պատմությունը հանցագործությունից, որպեսզի որպես գերտերություն՝ կայանա տարածաշրջանում»:
Հարցին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս հարցում, Ե. Բոզոյանը պատասխանեց, որ պետք է շատ բան փոխել, երկիրը պետք է բացվի միջազգային հանրության համար, դառնա ժողովրդավարական պետություն և ազատ աշխարհի մի մաս. «Օրինակ, Իսրայելը կարողացավ հաջողության հասնել նրա շնորհիվ, որ հասկանալի էր Արևմուտքին, հասարակական կարծիքը հօգուտ իրենց աշխատեց:
Մենք այս խնդիրը դեռ չենք լուծել, մեր հասարակությունը Թուրքիայի առաջ պահանջներ դնելու մասին է մտածում, մինչդեռ մեր հասարակությունն այսօր որոշակի պահանջներ ունի իր առջև: Պետք է անկեղծ և ազնիվ լինենք մեր հանդեպ, եթե ուզում ենք լուրջ երկիր դառնալ, ուրեմն պետք է նախ լուրջ գործընկեր դառնանք, միջազգային հնարությունը մեզ դեռ լուրջ գործընկեր չի նայում, հայկական ողբերգությանն անդրադառնում են արժեհամակարգի, Թուրքիային ճնշելու տեսանկյունից»,- ասում է քաղաքագետը: Նրա խոսքով՝ պետք է արմատապես փոխվի մեր վերնախավը, քանի որ Հայաստանի տնտեսական և քաղաքական վերնախավի և միջազզային հարաբերություններում տեղի ունեցող գործընթացների միջև լուրջ անհամապատասխանություն կա: