Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմադ Մուբարաք Աբդալլա Ալ Կասիմին
Ապրիլի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտակարգ և լիզոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Մուբարաք Աբդալլա Ալ Կասիմին:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի և ԱԳՆ նախարարությունների, ինչպես նաև Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանության ներկայացուցիչներ:
Նախարարը, ողջունելով դեսպանին, նշել է, որ երկու երկրների միջև առկա են համագործակցության լայն հնարավորություններ: Որպես գործակցության ընդլայնման ոլորտներ, Կարեն Ճշմարիտյանն առանձնացրել է ներդրումների ոլորտը, նաև նշել, որ կարելի է ակտիվացնել առևտրային հարաբերությունները` հաշվի առնելով երկու երկրների գործարարների հետաքրքրվածությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ և հնարավորություններ կան նաև զբոսաշրջության բնագավառում, իսկ ՀՀ կառավարության կողմից որդեգրած Բաց երկնքի քաղաքականությունը կարող է լուրջ խթան հանդիսանալ ԱՄԷ ընկերությունների կողմից ավելի անարգել չվերթներ իրականացնելու համար:
Նախարարը նաև ավելացրել է, որ ԱՄԷ ընկերությունները կարող են օգտվել Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում արտադրություն կազմակերպելու և արտադրանքը երրորդ երկրներ արտահանելու հնարավորություններից:
Օգտվելով առիթից, Կարեն Ճշմարիտյանը հրավիրել է ԱՄԷ դեսպանին այցելելու ապրիլի 26-ից 28-ը Երևանում կայանալիք “Made in Armenia” ցուցահանդեսին, որտեղ վերջինս հնարավորություն կունենա ծանոթանալու ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող ընկերությունների արտադրանքին:
Դեսպանն իր հերթին նշել է, որ համագործակցությունը հեռանկարային կլինի հատկապես զբոսաշրջության ոլորտում և հավելել, որ Հայաստանի զբոսաշրջային վայրերի և հայ ազգի հյուրընկալության մասին տեղեկություններն արդեն հասել են ԱՄԷ ավիացիոն և զբոսաշրջային ընկերություններին: Զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով, դեսպանը խնդրել է հանդիպում կազմակերպել ՀՀ զբոսաշրջության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ:
Հաշվի առնելով, որ Արաբական Միացյալ Էմիրությունները հանդիսանում է համաշխարհային առևտրի կենտրոններից մեկը, դեսպանն առաջարկել է ՀՀ ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ, ինչպես նաև երրորդ երկրներից ապրանքների ներմուծումը ՀՀ կազմակերպել նաև ԱՄԷ-ի միջոցով` ավիացիոն փոխադրումներով:
ԱՄԷ դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ԱՄԷ պաշտոնական պատվիրակության այցը Հայաստան, որի կազմում կլինեն նաև գործարարներ: Այցի շրջանակում նախատեսվում է պաշտոնյաների և գործարարների հետ հանդիպումների ընթացքում քննարկել համագործակցության առավել հեռանկարային ոլորտները:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է համապատասխան տեղեկատվության փոխանակումը` հատկապես ավիացիոն ոլորտում առկա կանոնակարգերի, իրավապայմանագրային դաշտի, ներդրումային ծրագրերի մասով: Կողմերը պայմանավորվել են անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել միմյանց:
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Մուբարաք Աբդալլա Ալ Կասիմին հայտնել է, որ իր երկրի պաշտոնական պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին:
Էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչների մասնակցության համար և ընդգծել, որ դա մեկ անգամ ևս հաստատում է երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական կապերը: