«Ռուսաստանը, ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, կանգնած է հայ ժողովրդի կողքին»
Այսօր` ապրիլի 17-ին Մոսկվայում կայացավ Կլոր սեղան «Հանցագործություն առանց վաղեմության ժամկետի. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին» թեմայով: Կլոր սեղանը կազմակերպված էր Ռուսաստանի հայերի միության կողմից ՌԴ Հանրային պալատի և ԱՊՀ երկրների ինստիտուտի հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ռուսաստանյան հասարակական, քաղաքական գործիչներ, գիտնականներ, հանրության լայն խավերի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կ. Զատուլինը: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ողջունելով ներկաներին նշեց, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մեր ազգային անվտանգության հարցն է: Ելույթով հանդես եկան Հոլոկոստ կենտրոնի փոխտնօրեն Ի. Ալտմանը, ՌԴ Հանրային պալատի ներկայացուցիչներ և այլոք: Ներկայացվեցին մասնագիտական վերլուծություններ: Ելույթ ունեցողները կրկին շեշտեցին, որ Ռուսաստանը, ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, կանգնած է հայ ժողովրդի կողքին:
ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հատուկ նշեց Արա Աբրամյանի և Ռուսաստանի հայերի միության դերը նմանատիպ կարևոր միջոցառումներ կազմակերպելու գործում: Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են Ռուսաստանի Դաշնության 640 քաղաքներում:
Ռուսաստանի հայերի միության Հայաստանյան մասնաճյուղի մամուլի ծառայություն