«Դե գնացեք ՌԴ-ին սոցիալիզմ կառուցելու պահանջներ դրեք». Թ. Պողոսյանը՝ Լ.Զուրաբյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ կարծիք հայտնեց, որ պետք է երկու դաս քաղել ԵՄ հարևանության քաղաքականությունից, նախ՝ համագործակցությունը չպետք է առիթ դառնա համակարտության Արևմուտքի և ՌԴ-ի միջև:

Ըստ նրա՝ դրանից խուսափելու հնարավորություն կար. «Դրա համար պետք էր նախաձեռնել մաքոքային դիվանագիտություն՝ շահերի համապատասխանեցումով զբաղվելու համար: Մենք սուվերեն երկիր ենք, ԵՄ-ի հետ կարող ենք զարգացնել հարաբերությունները, բայց կարելի էր կանխատեսել, որ որոշակի շահեր հակասության մեջ կմտնեին ՌԴ շահերի հետ: Եթե դա արվեր, այսօր կարող էինք ունենալ Ասոցացման համաձայնագիր»:

Երկրորդ դասը, Զուրաբյանի խոսքով, ԵՄ-ն իսկապես պետք է կարևորություն տա եվրոպական արժեքների աջակցմանը, մինչդեռ այսօր կարելի է փաստել, որ այդ աջակցությունն ադեկվատ չէ իրավիճակին.

«ՀՀ-ում ոչ մեծ, ոչ էլ սահմանափակ առաջընթաց 2014թ. չի գրանցվել, եղել է հակառակը՝ հետընթաց, վկայությունն է բռնությունների շղթան, որ սկսվեց հոկտեմբերից: Քաղաքական հետապնդումների ու ճնշումների ենթարկվեցին բոլոր այն ուժերը, որոնք որպես անմիջական վտանգ ընկալվեցին իշխանության կողմից»:

Թվարկելով բռնությունների բոլոր դեպքերը՝ Արամ Մանուկյանի ծեծ, Բերձոր, Գյումրիի դանակահարություն, ԲՀԿ-ի ու «Հիմնադիր խորհրդարանի» հանդեպ ճնշումները, Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ այս ամբողջ շղթան պետք է արձանագրված լիներ ԵՄ-ի զեկույցում և նշվեր, որ մարդու իրավունքների ու ժողովրդավարության տեսակետից վատթարացել է վիճակը:

Ըստ նրա՝ ինչքան բարելավում են օրենսգիրքը, այնքան խայտառակ ընտրություններ են տեղի ունենում, կամ՝ ՀՀ-ում հեռուստաընկերությունները վերահսկվում են իշխանությունների կողմից, և ընդդիմությունը հնարավորություն չունի իր տեսակետներն ազատորեն տարածելու:

Պատգամավորը կոչ արեց ԵՄ-ին՝ հատկացվող ֆինանսավորման մի մասով բացել անկախ հեռուստաընկերություն, հատկացնել վեց հաճախականություն, ինչի արդյունքում Հայաստանում «մեծագույն թռիչք կկատարվի դեպի ժողովրդավարություն»: Ըստ Զուրաբյանի՝ ԵՄ-ն պետք է ավելի կոշտ դիրքորոշում դրսևորի և քննադատի ՀՀ իշխանություններին:

Լ.Զուրաբյանի ելույթից ու դահլիճից հեռանալուց հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր տարակուսանքը հայտնեց, որ ԵՏՄ-ին կողմ քվեարկած պատգամավորը նման պահանջներ է ներկայացնում ԵՄ-ին. «10 րոպե առաջարկություններ արեց ԵՄ-ին, բայց ԵՏՄ-ի փաստաթղթի քվեարկության ժամանակ ընտրեցին ԵՏՄ-ն: Դե գնացեք ՌԴ-ին սոցիալիզմ կառուցելու պահանջներ դրեք»: Թ.Պողոսյանը նաև նկատեց, թե ինքը դեմ է քվեարկել ԵՏՄ-ին, միշտ կողմ է եղել ԵՄ-ին ու հավատարիմ է մնալու, և ինքն իրավունք ունի պահանջներ ներկայացնելու:

Տեսանյութեր

Լրահոս