Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հրավիրում է «Ժառանգության» գրասենյակ

«Մեր դիրքորոշումը «Ժառանգությունում» մնում է նույնը, Սերժ Սարգսյանը չունի քաղաքական և քաղաքացիական լեգիտիմություն, իրավակարգ վիճակ, հայ ժողովրդին վստահության մթնոլորտում ներկայացնելու համար Սահմանադրական փոփոխությունները»,- այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ թեև «Ժառանգությունն» իր ծրագրով կողմնակից է խորհրդարանական կառավարման մոդելին, ներկա պայմաններում իրենք դեմ են այս փոփոխություններին և այս ընթացքին. «Բայց բոյկոտի տեսքով դեմ չենք: Մեր խմբակցությունը ներկայացրել է այն փոփոխությունների, առաջարկների փաթեթը, որը քաղաքական մեծամասնության և մասնագիտական հանձնաժողովի քննարկելուց և ընդունլուց հետո, չէինք բացառում հետագա մեր մասնակցությունը: Թե՛ մասնագիտական հանձնաժողովի մակարդակով, թե՛ հիմա արդեն Սերժ Սարգսյանի մակարդակով ակնհայտ է, որ սրանք չեն լինելու»:

Հարցին՝ «Ժառանգությունն» ունի՞ միասնական որոշում՝ այսուհետ նախագահի հետ կամ սահմանադրական բարեփոխումների հետ կապված որևէ հանդիպման մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, որ եթե քաղաքական մեծամասնությունը և մասնագիտական հանձնաժողովն ընդունի իրենց առաջարկները, ուրեմն՝ իրենք պատրաստ են:

Հարցին՝ ինչ-որ քայլեր արվելո՞ւ են Ձեր կողմից Սահամանադրական փոփոխությունները խափանելու համար, Ր. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց.

«Չեմ ուզում առաջ ընկնել, գիտեք, որ 2005 թվականի փոփոխությունների նախագծի օրերին ես 3 օր հրապարակում կանգնեցի, կային ցույցեր, տարբեր մոտեցումներ, ես դա չեմ բացառում: Ես կարծում եմ՝ խաղ է գնում սահմանադրական փոփոխությունների նախագծով, և ես թույլ չեմ տա, որ մենք այնտեղ մտնենք, իսկ եթե եղան սահմանադրական փոփոխությունները՝ մեզ համար անընդունելի ձևակերպումներով, մենք, իհարկե, կբողոքենք բոլոր հնարավոր միջոցներով»:

Նա նաև հայտարարեց, որ ինքը Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին սիրով կընդունի «ժառանգության» գրասենյակում, և եթե դրանից հետո՝ Ս. Սարգսյանը ուզում է իրեն հրավիրել Հանրապետականի կենտրոնակայան, ինքը սիրով կփոխադարձի. «Բայց չկարծեք, որ այդ հայտնի հանդիպման ընթացքում դեմ առ դեմ չի բարձրացվել լեգիտիմության, արտահերթ ընտրությունների և մյուս հարակից հարցերը, բարձրացվել են, և ինչ-որ տեղ լավ է, որ բարձրացվել են, բայց այնտեղ այլև այդ հարցով չենք հանդիպի»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս