«Որքան ապրիլի 24-ը մոտենա, այնքան շատ են հակառակորդի կողմից դիվերսիաներ լինելու». Թևան Պողոսյան
«Որքան ապրիլի 24-ը մոտենա, այնքան շատ են հակառակորդի կողմից դիվերսիաներ լինելու, Ադրբեջանն այսկերպ Թուրքիային ծառայություն է մատուցում, որ 24-ին որոշ հյուրեր Հայաստան չգան»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ նկատելով, որ Ադրբեջանն ուզում է, այսպես կոչված՝ «հարամել» 100-ամյակի միջոցառումները:
Ինչ վերաբերում է «Արարատի ստորոտին» ֆորումի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հայտարարությանը, ապա Թ. Պողոսյանը նշեց, թե նախագահ Սերժ Սարգսյանն այս մասին հայտնել էր դեռևս Լատինական Ամերիկայում՝ ասելով, թե հայ ազգը մտահոգված է այս խնդրով. «Ներքին քննարկումների ժամանակ այս հարցը ևս բարձրաձայնվել է: Ռուսաստանը պետք է հետևություններ անի, մեր խնդիրը սահմանը պահելն է, իսկ իրենք թող մտածեն՝ ինչով են հետագայում ապացուցելու, որ ռազմավարական գործընկեր ենք»:
Թ. Պողոսյանն ուրախ է, որ Աստանայի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հրավիրված չի եղել, քանի որ կարծում է, որ ԵՏՄ անդամակցությունը չի կայանալու. «Եթե այսպես շարունակվի՝ ժամանակի ընթացքում Հայաստանն իր ուղղով կգնա: Այսօր հրապարակումներից տեղեկացա, որ Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանի Սահմանադրությամբ դրամը չպետք է փոխվի և սեփական արժույթով երկիրը պետք է առաջնորդվի: Սա շատ լավ է, որ հիմք է ծառայում Սահմանադրությունը: Պետք է նշեմ, որ ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի երկարատև շահերից չի բխում»:
Անդրադառնալով, այսպես կոչված, Հայաստանում եվրոպական օրերին, բանախոսը նկատեց, որ իր տպավորություններով, ինչպես նաև քննարկումների արդյունքում ԵՄ-ի հետ համագործակցություն լինելու է, քանի որ արագացված ռեժիմով պատրաստակամություն են հայտնել դիմել կոնսուլին: «Իրավական փաթեթի խնդիրը ևս արագ կլուծվի, քաղաքական բանակցություններից բացի, կլինի նաև համագործակցության տնտեսական բլոկ, կստորագրվեն պայմանագրեր, որոնք կյանքի կկոչվեն, ոչ թե թղթի վրա կմնան»,- ասաց քաղաքական գործիչը: