16 լեզու իմացող մարդու 10 խորհուրդները սկսնակներին
Կատո Լոմբը, չնայած մասնագիտությամբ քիմիկոս լինելուն, աշխարհում առաջին սինքրոն թարգմանիչներից էր և կարողանում էր արագորեն, համաժամանակյա ռեժիմով թարգմանություն կատարել 8 լեզուներով, իսկ ընդհանուր առմամբ հասկանում ու աշխատում էր 16-ով։
Եվ նրա գործունեության ժամանակներում չկային ոչ կրողների ձայներով աուդիոսկավառակներ, ոչ սքայպ, ոչ էլ լեզուների ուսուցման կենտրոններ։
Իր «Ինչպե՞ս եմ ես սովորում լեզուներ» բեսթսելլերում նա ձևակերպում է այն 10 մատչելի կանոնները, որոնց անհրաժեշտ է հետևել լեզուներ սովորելու համար։
1. Տվյալ լեզվի ուսումնասիրությամբ պետք է զբաղվել ամեն օր։ Դա նույնն է, ինչ մարզասրահ հաճախելը։ Եթե ուզում ես լավ կազմվածք ունենալ, պետք է միշտ մարզվես։ Օրական առնվազն 15 րոպե տրամադրեք ընթերցանությանը կամ նոր սովորած արտահայտությունների կրկնությանը։
2. Եթե լեզու սովորելու ցանկությունը չափազանց շուտ է նվազում, չհոգնելու ձեր սեփական տարբերակը կիրառեք։ Օրինակ՝ մի քիչ սովորեք, հետո երաժշտություն լսեք, ապա զբոսնեք ու նորից զբաղվեք լեզվի ուսումնասիրությամբ։
3. Ենթատեքստը լեզու սովորելու պարագայում ամեն ինչ է։ Երբեք չսովորեք առանձին բառեր, միայն` կոնտեքստի մեջ։ Օրինակ՝ եթե դուք հիշել եք «strong wind» արտահայտությունը, ապա դրա բառերից մեկը մեքենայաբար հիշողության մեջ կարթնացնի նաև 2-րդը։
4. Հատկապես օգտակար է դասագրքերի լուսանցքներում դուրս գրել արդեն պատրաստի արտահայտությունները և աշխատել դրանք առավելագույնս օգտագործել երկխոսությունների մեջ։
5. Մտքում թարգմանեք այն ամենը, ինչ ընկնում է ձեր աչքին՝ գովազդներ, երգերի, երկխոսությունների հատվածներ, թերթերի հոդվածների վերնագրեր և այլն։ Դժվար չէ և օգտակար է։
6. Անգիր անելն օգտակար բան է, բայց սովորել պետք է միայն այն, ինչն արդեն բացարձակապես ճիշտ է կամ նախապես ուղղվել է ուսուցչի կողմից։
7. Արդեն օգտագործման համար պատրաստ արտահայտությունները գրառեք և հիշեք առաջին դեմքով։ Օրինակ՝ «I am only pulling your leg» (Ես միայն հոգուդ հետ եմ խաղում)։
8. Ցանկացած օտար լեզու չի կարելի սովորել մեկուսի կերպով, ասենք՝ ես միայն տետրում վարժություններ կանեմ ու կլսեմ ուսուցչին։ Ֆիլմեր դիտեք, ընթերցեք գրականություն, համացանցում շփվեք, ասենք, ձեր անգլախոս ընկերների հետ։
Օրինակ՝ Կատո Լոմբը ռուսերեն սովորել սկսել է Գոգոլի «Մեռած հոգիները» կարդալուց և մի հաստափոր բառարանից։
9. Մի վախեցեք սխալներից։ Երբեք և ոչինչ մի թողեք չստուգված։
10. Համոզված եղեք, որ չնայած ամեն ինչին՝ դուք կսովորեք լեզուն։
Եվ վերջում, երբ 86-ամյա Կատո Լոմբը հանդիպեց իր 54-ամյա ընկերոջը, նա արտաբերեց ընկերոջ կյանքի համար որոշիչ հետևյալ նախադասությունը. «Սթիվ, դու այնքա՜ն երիտասարդ ես, դեռ այնքա՜ն լեզուներ կարող ես սովորել»։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ