«Պարտադիր չէ՝ դու համաձայնես նախագահի հետ և գնաս քննարկման, կարող ես գնալ և նախագահին ասել, որ դու համաձայն չես, դա քաղաքական կուլտուրա է». Քաղաքագետ

Ինչպես հայտնի է՝ մարտի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը առանձին-առանձին հանդիպման էր հրավիրել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ քննարկելու Սահմանադրական բարեփոխումների հարցը: Նախագահի հետ հադիպման գնալու համար հատկապես քննադատական կարծիքների արժանացան «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները, քանի որ հայտնի է, որ նախկինում ոչ իշխանական եռյակի այդ երկու ուժերը կտրականապես դեմ էին այդ բարեփոխումներին և հրաժարվում էին որևէ հանդիպման մասնակցել՝ այդ հարցը քննարկելու համար:

168.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված այդ երկու քաղաքական ուժերի՝ նախագահի հետ հանդիպելու հրավերն ընդունելն այն դեպքում, երբ նախկինում նրանք մերժում էին որևէ հանդիպում և քննարկում այդ հարցի շուրջ: Ի պատասախան մեր հարցին՝ քաղաքագետն ասաց, որ կա քաղաքական կուլտուրա, և եթե քեզ հանդիպման են հրավիրում, առավել ևս, եթե դու անձնական խնդիրներ չունես այդ անձի հետ, ամոթ է չգնալը.

«Երկրի նախագահը հրավիրում է քննարկելու պետության համար շատ կարևորագույն հարց: Պարտադիր չէ, որ դու համաձայնվես նախագահի հետ և գնաս քննարկման, դու կարող ես գնալ և նախագահին ասել, որ դու համաձայն չես այդ բարեփոխումների հետ, բայց գնալը ես համարում եմ քաղաքական մշակույթ: Ամեն ինչը պետք չէ իջեցնել փողոցային մակարդակի: Ես շատ նորմալ եմ գնահատում, որ այնտեղ նաև «Ազատ դեմոկրատներն» էին, որոնք քննադատում են նախագահին, այնտեղ նաև այլ քաղաքական ուժեր կային, որոնք և՛ կողմ են, և՛ դեմ են: Մենք մեր մեջից պետք է հանենք այն կարծրատիպը, որ եթե համաձայն չես, պետք է չհանդիպես»:

Խոսելով կոնկրետ «Ժառանգության» և ԲՀԿ-ի անդամների հրավերն ընդունելու մասին՝ քաղաքագետը նկատեց, որ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն պետք չէ խառնել Նաիրա Զոհրաբյանի ներկայիս ԲՀԿ-ի հետ. «Դրանք տարբեր բաներ են և այն, ինչ ասում էր Ծառուկյանը, բացարձակ դոգմա չէ Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ-ի համար: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», այն վերջերս շատ բաներ է ասում և շատ բաներ է այլ ձևով անում, որը չի համապատասխանում իր ասածին»:

Կարդացեք նաև

Հարցին՝ ԲՀԿ-ի այդ ամբողջ թիմից, որ այդքան քննադատական ելույթներ էին ունենում կոնկրետ Սահմանադրական բարեփոխումների մասին, Գագիկ Ծառուկյանը, կարծես, ամենամեղմ արտահայտվողներից էր, հիմա ստացվում է՝ միայն Գագիկ Ծառուկյա՞նն էր կտրականապես դեմ Սահմանադրական բարեփոխումներին, քաղաքագետն այսպես պատասխանեց.

«Ոչ, դուք շատ լավ գիտեք, որ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ում բոլորն ունեին իրենց դերը, և ինչ պետք էր ասել, դա անպայման համաձայնեցվում էր Գագիկ Ծառուկյանի հետ, այնտեղ ոչ ոք միամիտ ոչինչ չէր խոսում: Էլի եմ նշում, ԲՀԿ-ն փլուզված է, այն ինչ կա ԲՀԿ-ից՝ դա մնացորդներն է, որի վրա կառուցում են 2-րդ ԲՀԿ-ն, դրա համար Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն պետք չէ խառնել նորացված ԲՀԿ-ի հետ, որի ղեկավարն է Նաիրա Զոհրաբյանը, դրանք լրիվ տարբեր բաներ են»:

 

Տեսանյութեր

Լրահոս