Ռուսաստանն իրավասու է Ղրիմում տեղակայել միջուկային զենք. Ուլյանով
Gazeta.ru-ի փոխանցմամբ` ՌԴ ԱԳՆ-ի սպառազինությունների չտարածման ու վերահսկման հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվան իրավունք ունի Ղրիմում տեղակայել միջուկային զենք:
Ուլյանովը հավելել է, որ Ռուսաստանը ներկա դրությամբ չունի այդպիսի պլաններ. «Բնականաբար, Ռուսաստանն իրավասու է միջուկային զենք տըեղակայել իր տարածքում` յուրաքանչյուր շրջանում, եթե դա համարի անհրաժեշտ:
Ներկայումս ինձ ոչինչ հայտնի չէ Ղրիմում միջուկային զենքի առկայության մասին, ես տեղյակ չեմ այնտեղ դա տեղակայելու պլանների մասին, սակայն սկզբունքային պլանում ելնում ենք նրանից, որ մենք բնականաբար ունենք այդպիսի իրավունք, թեև Կիևը բնականաբար կարծում է այլ կերպ»:
Նախորդ տարվա դեկտեմբերի կեսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չէր բացառել, որ Ղրիմում կարող է տեղակայվել ռուսական միջուկային զենք: