Նուլանդը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի արևելք տանկերի նոր խմբաքանակ ուղարկելու մեջ
Rzeczpospolita-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է հրադադարը, որի մասին «Նորմանդական քառյակը» պայմանավորվել է Մինսկում` Ուկրաինայի արևելք ուղարկելով նոր տանկեր ու զենք.
«Ռուսական տանկերն ու մյուս զրահատեխնիկան վերստին հատել են ուկրաինական սահմանը և դրանով իսկ խախտել են մինսկյան համաձայնագրերը:
ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է Ղրիմի ու Ուկրաինայի արևելքի ահաբեկչությունը, որը կազմակերպել են ռուսամետ անջատողականներն ու նրանց աջակցող Մոսկվա»:
Նուլանդը Ղրիմում Ռուսաստանի իրականացրած ռազմական գործողությունն անվանել է ապօրինի օկուպացում ու Մոսկվային մեղադրել է մարդու իրավունքների խախտումների մեջ.
«Ուկրաինան կառուցում է խաղաղ, ժողովրդավարական ու անկախ պետություն սակայն միայն իր տարածքի 93 տոկոսում, քանի որ Ղրիմում ու Ուկրաինայի արևելքում իշխում է տեռորը»:
Նուլանդի խոսքերով` հենց Կրեմլն է պլանավորել Ուկրաինայի հակամարտությունը` Դոնբասի խամաճիկներին ապահովելով տանկերով, գումարով ու զենքով: Նուլանդը հիշեցրել է, որ Ուկրաինայի հակամարտության ընթացքում զոհվել է 6000 մարդ: