Նիլս Մույժնիեքսը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը

Deutsche Welle‎-ի փոխանցմամբ` Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ուժեղացնել մարդու իրավունքների պաշտպանությունը: Այդ մասին նշված է նրա հրապարակած երեկվա զեկույցում:

Մույժնիեքսը կարծում է, որ Երևանը պետք է ակտիվացնի կանանց ու երեխաների պաշտպանությունը` հատուկ ուշադրություն հատկացնելով այդ խնդրին, վերանայի Քրեական օրենսգրքում կտտանքներ հասկացությունն ու ապահովի անկախ դատարաններ:

Մույժնիեքսը երկրի պատասխանատու անձանց կոչ է արել բարեփոխել դատական համակարգը: Նա անհրաժեշտ է համարել դատավորներին ընտրելու, նշանակելու ու պաշտոնանկ անելու մեթոդը փոխելը, ինչը կամրապնդի յուրաքանչյուր առանձին դատավորի անկախությունը:

Մույժնիեքսն իր զեկույցում քննադատել է Հայաստանում լայն տարածում գտած նախնական կալանքի մեջ պահելու պրակտիկան: Եվրահանձնակատարի կարծիքով` խափանման այդ միջոցն ավելի շուտ պետք է լինի բացառություն, քան` կանոն:

Նա Հայաստանի իշխանություններին կոչ է արել ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավաբանական օգնությունը: Բացի այդ, Մույժնիեքսն անհրաժեշտ է համարել երեխաների իրավունքներին ավելի մեծ ուշադրություն հատկացնելը:

Եվրահանձնակատարը Հայաստանի իշխանություններին կոչ է արել Քրեական օրենսգրքի կտտանք հասկացությունը համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին:

Դա կապված է կասկածյալներից ցուցմունքներ ստանալու նպատակով հայկական ոստիկանության կողմից կտտանքներ և կոշտ վերաբերմունք ցուցաբերելու մասին հաղորդագրությունների հետ: Զեկույցում նշված է, որ կտտանքների ու կոշտ վերաբերմունքի դեմ երաշխիքները պետք է ամրապնվեն ինչպես օրենսդրորեն, այնպես էլ` պրակտիկայում:

Մույժնիեքսը Հայաստանից պահանջել է հակազդել կանանց խտրականությանը. «Երկրում պետք է ընդունվի հակախտրական օրենք, որը կապահովի կանանց մասնակցությունը երկրի քաղաքական ու հասարակական կյանքին»:

Մույժնիեքսը Հայաստանի իշխանություններին խնդրել է կանանց պաշտպանել կենցաղային բռնությունից: Զեկույցում նշված է, որ հաճախ այդպիսի դեպքերը չեն ստանում հնչեղություն, իսկ մեղավորները չեն պատժվում:

Տեսանյութեր

Լրահոս