Ըստ Հրանտ Բագրատյանի՝ եզակի օրինագիծ է, և կառավարությունը ճիշտ քայլեր է անում
Այսօր ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության Լևոն Զուրաբյանը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետարքրքվեց, թե ինչո՞ւ օրենքում` ըստ ոլորտների տարբերակում չկա: Նա նշեց, որ ոսկու, շինանյութերի կամ հագուստի առևտրով զբաղվողները շատ դժվար են կարողանում փաստաթղթավորում ապահովել և, ըստ էության, իրենց համար շահութահարկը 3%-ից կբարձրանա 5%:
Կ.Ճշմարիտյանը նշեց, որ արդեն տարբերակված են ոլորտները. «Ոսկու մասով քննարկման փուլում է, լուծումները դժվար են, որովհետև ոլորտը զարգացնելու համար ամբողջ շղթան ազատել էինք ԱԱՀ-ից և հարկումը գնում է վերջնական արտադրանքի շահութահարկից: Բարդություններ շատ կան: Դա այս կանոնակարգման տակ չի լինի, այլ կարգավորման տակ կլինի, որ շուտով կբերենք: Ներմուծվող հագուստն էլ նմանապես առանձին կքննարկվի, որ գանք ոսկյա միջինի, որ ոչ պետությունը, ոչ էլ տնտեսվարողները չտուժեն»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե անձամբ Ճշմարիտյանը հարկման ո՞ր տարբերակը կընտրեր՝ նախկի՞ն, թե՞ ներկայացված:
«Տվյալ պայմաններում կընտրեի այն, ինչ ներկայացրել ենք: Ըստ էության՝ ինքը փաստաթղթաշրջանառության պահանջից ետ քայլ չի»,- պատասխանեց Ճշմարիտյանը:
Նախարարը նշեց, որ կոնցեպցիան չի փոխվել, նպատակը մնում է փաստաթղթաշրջանառության ապահովումը. «Քաղաքականությունը նպատակին հասնելու միջոցների և մեթոդների ամբողջությունն է, որոնց ընտրությունը կախված է տվյալ ժամանակաշրջանում, այս պարագայում՝ տնտեսական արդյունավետությունից: Այլընտրանք կա և դա տնտեսական է: Ու տնտեսական շարժառիթն ավելի գործուն է, քան ադմինիստրատիվը»:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ սա այն եզակի օրենքներից է, որին ինքը համամիտ է, և կառավարությունը ճիշտ քայլեր է անում: Նա հետաքրքրվեց, թե 3%-ից 5% փոփոխությունը ո՞նց է թղթակցելու օրենքի գործողությունը մինչև հուլիսի 1-ը հետաձգված լինելու հետ:
Կ.Ճշմարիտյանը նշեց, որ օրենքի այդ կետը հանվում է և շեշտեց, որ սա հարկի բարձրացում չէ, ինչը ցույց է տալիս ցանկացած թվաբանական հաշվարկ: Նախարարը կարևորեց, որ կոնսենսուս պետք է լինի, որ համընդհանուր դաշտում գործեն ՀԴՄ-ները, որոնք ֆիքսում են ապրանքների տեսակը, քանակն ու ծավալը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անունից պատգամավոր Գարեգին Նուշիկյանը հայտնեց, որ նախագծին դրական եզրակացություն է տրվել:
«Քննարկում ենք կարևոր և հնչեղություն ունեցող նախագիծ: Կարծում եմ, որ այս տեսքով կբավարարի մեր գործարարներին»,- ասաց նա: