«Ես որպես լիդեր տեսնում եմ Ծառուկյանին». Տիգրան Կարապետյան
«Եռյակ չկա, ո՞ւր է եռյակ, կա ժողովրդական շարժում, որի նախաձեռնողը Գագիկ Ծառուկյանն է: Այնտեղ էլ խնդիրը հետևյալն է՝ պետք է թույլ չտրվի իշխանությանը Սահմանադրական փոփոխություններն առաջ քաշել, որովեհտև դա վերարտադրությունն է՝ նույն Հանրապետական կուսակցությունը, նույն «իշխանական էլիտան»,- այս մասին այսօր ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Տ. Կարապետյանը ասուլիսի ժամանակ խոսեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, վերջին զարգացումներից հետո Եռյակից սպասվող ակնկալիքների ու այս իրավիճակներից դուրս գալու ելքերի մասին: Նրա կարծիքով՝ այսօր Հայաստանին պետք է առաջնորդ, որի շուրջը կհամախմբվի ամբողջ քաղաքական ներուժը:
«Ծառուկյանը ունի ռեսուրս ու այսօր չի ցանկանում, որ դա լինի, ուղղակի նեղ շրջանակներում, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանն օգտվի դրանում, կամ Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ ուզում է, որ ժողովուրդը օգտվի: Դրա համար է համաժողովրդական շարժում՝ բոլոր ուժերը որպես մի միավոր, իրենք էլ ասում են՝ մենք չենք լինի մեկ միավոր, չեն ուզում: Այսօր Ծառուկյանն իրենց պահի հանրահավաքներով, վաղն իրենք քաղաքական իրավիճակներից ելնելով (թեկնածություն:- 168.am) դնեն նախագահական ընտրություններին, պարզ է, որ կդնեն՝ պոտենցիալ են: Թող իրենք իրենց ուժերով կազմակերպեն, մարդաշատ դարձնեն հանրահավաքները, առաջ մղվեն, բայց իրենք չեն անի դա,- ասաց Տիգրան Կարապետյանը՝ հավելելով,- Նախկին ժողովը, որն ամսի 20-ին էր, բայց չկայացավ, ցույց տվեց, որ ահագին մարդիկ կար. Բարգավաճ կուսակցությունը հրավիրել է ոչ միայն քաղաքական միավորումների՝ և՛ ազատամարտիկներ կային, և՛ ՀԿ-ներ կային, մոտ 3000 մարդ. դա քիչ չէ, 3000 միավոր, որոնց հետևում մարդիկ կան»,- ասում է Տ. Կարապետյանը::
Հարցին՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը կողմ է Սահմանադրական բարեփոխումներին, համարում եք՝ նա՞ էլ է իշխանության անդամ, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Էս էն դաշնակները չեն. այս դաշնակները, որոնք այստեղ են, միշտ իշխանությունների կողքին են եղել ու կլինեն: Պաշտոններ են տալիս, իսկ իրենք հաճույքով վերցնում են, ժամանակին ասում էին՝ կոալիցիայի մեջ չեն լինի… Մեզ մոտ չեն անցնում խորհրդարան, մեզ մոտ անցկացնում են, մենք շատ լավ գիտենք՝ ինչպես են անցկացնում: Դաշնակցությունը կապված է իշխանության հետ, և այդ կապը պահպանում է: Իշխանությունը շատ լավ գիտի՝ եթե Դաշնակցությունն ընդդիմադիր է դառնում, դա վտանգ է, իսկ նա խուսափում է վտանգից»:
«Թող մտածեն ժողովրդի մասին, դրվածք են դրել, որտեղ մարդիկ աշխատավարձ էին ստանում որոշակիորեն, ապրում էին, ընտանիք էին պահում. հիմա միանգամից ուզում են փոխել վիճակը: Է, դուք փոխվեք, էդ արագաչափերը, էդ փողերը, որ լվանում եք… Իրենք մնում են նույնը, իսկ հասարակ ժողովրդին ուզում են փոխել, որ սոված կոտորվեն: Սա՞ է ազգայինը, այսպիսի՞ պետություն է երազել հայը»,- ասում է Տիգրան Կարապետյանը:
ԺԿ նախագահը հայտարարեց, որ ինքը այսօր այս ամենի ելքը տեսնում է Գագիկ Ծառուկյանի համաժողովրդական շարժման մեջ. «Օրերից մի օր հավաքված ժողովուրդը հնարավոր է՝ տուն չգնա, կարող է՝ հասնել մի աստիճանի, որ այդ ժողովուրդը ցանկանա մնալ: Ունեցել ենք այսպիսի դեպքեր, բայց դրանց առաջնորդները մինչև վերջ չեն կանգնել: Մարտի 1-ին գլխավոր դերակատարները չկային, դուրս չեկան, իբրև ասեցին սնայպերներ կային. դե, որ գնում ես այդպիսի գործի, պետք է չվախենաս նրանցից»:
Հարցին՝ եթե ԲՀԿ-ն գա իշխանության, դա կհամարե՞ք իշխանափոխություն, և արդյոք նրանց կողքին կլինե՞ք, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Այո, կհամարեմ իշխանափոխություն՝ ի դեպ, որոշակի վերապահումներով: Նոր իշխանությունը, որը գա, պետք է ունենա մարդկային դեմք, պետք է ուղղված լինի դեպի հայությունը: Ժողովուրդը պետք է որոշի, բայց ես որպես լիդեր տեսնում եմ Ծառուկյանին՝ այս ժամանակաշրջանից ելնելով, իսկ որպես ղեկավար՝ ժողովուրդը պետք է ընտրի, որոշի. ո՞վ կարող է որոշել բացի ժողովրդից: Թեկնածուներ թող լինեն տարբեր ու ժողովուրդը թող լավագույնին ընտրի»: