Ղարաբաղի մասին ՌԴ իշխանությունները լրջորեն չեն մտածում. հիմնական խնդիրն Ուկրաինան է. Մարկեդոնով

168.am-ի զրուցակիցն է ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը:

Պարոն Մարկեդոնով, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված է: Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ երկիր է, մեզ վստահեցնում էին, որ ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին հավելյալ անվտանգություն է ենթադրում, այնինչ հակառակն է տեղի ունենում: Ո՞րն է Ձեր բացատրությունը:

– Ես չեմ կարծում, որ այդ ռազմական գործողությունները նոր երևույթ են և աննախադեպ են ղարաբաղյան հակամարտության գոտու համար: Ես ռազմական գործողությունների մասին լսում եմ շուրջ 20 տարի: Ես լսում էի նաև այն մասին, որ եթե Հայաստանը միանա որևէ ինտեգրացիոն պրոյեկտի, դա կլինի փրկություն, սակայն չի լինի ոչ մի փրկություն: Ակնհայտ է, որ Ադրբեջանը բարձրացնում է տարածքային ամբողջականության հարցը ցանկացած խնդրի դեպքում: Ռեսուրս՝ պատերազմ սկսելու համար Ադրբեջանը դեռ չունի, իսկ սադրանքներ կլինեն: Ուստի պատերազմի հնարավորությունը դիտարկելն ու քննարկելն ավելի իրատեսական կլինի այն ժամանակ, երբ իրատեսական կլինի նաև պատերազմի հնարավորությունը: Լարվածություն եղել է միշտ ու կլինի, քան դեռ չկա հանգուցալուծում:

– Վերջին շրջանում հատկապես ավելի ու ավելի հաճախ են քննարկում հետևյալ հարցը` ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե լինեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ:

Կփորձի դա կանգնեցնել՝ որքան որ դա հնարավոր կլինի: Իհա՛րկե, Ռուսաստանում քննարկվող հարց է` ռազմական գործողություններ կլինեն հայ-ադրբեջանական սահմանի՞ն, թե՞ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Սա ևս կարևոր հանգամանք է և տարբերություն:

– Կանգնեցնել դիվանագիտակա՞ն ճանապարհներով: Մեզ ասում են, որ Ռուսաստանն աշխատում է դիվանագիտական միջոցներով, բայց Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, եթե լինեն ռազմական գործողություններ, որո՞նք են լինելու Ռուսաստանի գործողությունները:

– Այդ մասին դժվար է հստակ որևէ բան ասելը: Մենք դեռ չենք կարող ասել, թե ինչպիսի զարգացում կունենա ուկրաինական ճգնաժամը: Ռուսաստանի համար Ուկրաինան գլխավոր թատերաբեմն է, իսկ Ղարաբաղը` երկրորդ: Ղարաբաղի մասին լրջորեն որևէ մեկը չի մտածում: Իհարկե, մտածում են, բայց դա երկրորդական և ոչ առաջնային խնդիր է: Ռուսաստանի ռազմական արձագանքը կբխի նրանից, թե ինչպես կզարգանան ուկրաինական դեպքերը:

Պարոն Մարկեդոնով, ասում են, որ սահմանին ներկայիս լարվածությունը 2014թ. օգոստոսյան լարվածության շարունակությունն է և աննախադեպ է: Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այս ագրեսիան:

– Իսկ դա նորությո՞ւն է: Այդ ագրեսիվությունը հենց նո՞ր է սկսվել: Սա մի քաղաքականություն է, որը կար և՛ մեկ, և՛ երկու, և՛ շատ տարիներ առաջ: Քանի դեռ չկա հաղթանակ կամ իրավիճակի սառեցում, որևէ լուրջ ելք, ապա այդ հռետորաբանությունը կշարունակվի, որի շարունակությունն էլ ագրեսիան է: Դա ակնհայտ է:

– Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, ապա հայտարարություն տարածեցին: Նախորդ տարին հարուստ էր նախագահական բարձրաստիճան հանդիպումներով, որոնք, սակայն, չմեղմացրին դրությունը սահմանին: Ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է գործի Մինսկի խումբը, որը, ըստ էության, միակ գործուն հարթակն է ստատուս-քվոյի պահպանման համար:

– Մինսկի խումբը հնարավորության դեպքում պետք է կարողանա աշխատել: Բայց ինչպե՞ս կարող է Մինսկի խումբն արդյունավետ աշխատել, եթե ՄԽ երեք համանախագահ երկրները հեռացել են: Ուկրաինական ճգնաժամն իրենն արել է, ես կասկածում եմ, որ այս պայմաններում նրանք կարողանալու են արդյունավետ աշխատել: Չէ՞ որ Մինսկի խումբը վակուումի մեջ չի աշխատում, ՄԽ դիվանագետները բավականին պրոֆեսիոնալ և գրագետ են, պատրաստ են աշխատել, բաց նրանց ետևում կառավարություններն են: Եթե կառավարություններն իրարից հեռացել են, ինչպե՞ս կարելի է մի առանձին հատվածում դիվանագիտական հաջողությունների օազիս կառուցել: Քիչ հավանական է, որ դա կհաջողվի:

– Պարոն Մարկեդոնով, օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինները համատեղ կքննեն Գյումրու սպանության հանգամանքները, և մեղադրյալը չի հանձնվի հայկական կողմին: Սա սպանությունից հետո էլ ավելի է սրել երկրում բարձրացած տրամադրությունները: Ինչո՞ւ ռուսական կողմը չի գնում զիջումների այս հարցում: Ձեր բացատրությունը ո՞րն է:

– Հայաստանում Գյումրիի ողբերգությանը հաջորդած հակառուսական տրամադրությունները պարզապես մեկ սպանության և հանցագործության հարց չեն, այլ ավելի լայն` հարաբերությունների խնդիր են: Խնդիրը հայ-ռուսական հարաբերությունների անհամաչափության մեջ է, որը Ռուսաստանի համար այդքան էլ կարևոր չէ:

Երբ Ռուսաստանի համար խնդիրները շատ ավելի խոշոր են, գլոբալ խնդիրներով է զբաղված Մոսկվան, բարձր ղեկավարությունը հարցերով դետալային կերպով չի զբաղվում, այդ դետալներն ու մանրամասները նույնիսկ այդպես են ընկալվում, ինչպես Հայաստանում: Այս իրավիճակից ելքը հասկանալն է այդ անհամաչափությունը և այդ հարցով ավելի լուրջ զբաղվելը:

Իմ կարծիքով` հարցն այն չէ, թե որտեղ հանցագործը կդատապարտվի, այլ այն, որ նա արժանի պատիժ կրի: Սա ամենակարևոր հարցն է, ուստի, եթե լինի ամենակարևորը՝ համագործակցություն Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների միջև, ապահովվի թափանցիկություն հասարակական իրավապաշտպան կազմակերպությունների համար, դա կփոխի մթնոլորտը: Առանցքային այս երկու հարցերը պետք է ապահովվեն` թափանցիկ դատավարություն և կատարված հանցագործությանը համարժեք պատիժ:

Տեսանյութեր

Լրահոս