Ես հրաման չեմ արձակել Եվրամայդանը ցրելու մասին. Յանուկովիչ
Аргументы и факты թերթին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հրաման չի արձակել 2013 թվականի նոյեմբերի 30-ին Եվրամայդանը ցրելու մասին: Յանուկովիչի կարծիքով՝ այդպիսի հրաման կարող էր արձակել նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լևոչկինը.
«Հասկանալու համար, թե ով է կանգնած դրա հետևում, պետք է հասկանալ, թե ում էր դա ձեռնտու: Ինձ համար դա կատարելապես շահավետ չէր: Անկասկած է, որ ցուցարարներին ցրելու որևէ հրաման չի եղել և չի էլ կարող լինել: Իմ կարծիքով՝ դա լավ կազմակերպված սադրանք էր, որպեսզի խաղաղ ակցիաները վերաճեն արմատական հունով բողոքի ակցիաների»:
Յանուկովիչն ընդգծել է, որ կասկածյալները դրանից հետո անմիջապես պաշտոնանկ են արվել: Նա կարծում է, որ բոլոր բախումները դարձել են ընդդիմության սադրանքի շարունակությունը: Յանուկովիչը հայտարարել է, որ մարդկային զոհերը նույնպես Եվրամայդանի կազմակերպիչների խղճին են:
Յանուկովիչի կարծիքով՝ առաջինը կրակել են սադրիչները, որոնք Ուկրաինայի արևմտյան մարզերում գրավել էին ՆԳՆ-ի ու Անվտանգության ածառայության շենքերը՝ զենքերի հետ միասին, իսկ առաջին սպանվածները եղել են Ռեգիոնների կուսակցության գրավված գրասենյակի աշխատակիցները.
«Ինչպես հիշում եք, ժամը 18.00-ին ընդդիմությունը մարդկանց ուղղեց դեպի Գերագույն ռադա: Նրանք նպատակ ունեին գրավել խորհրդարանն ու նախագահի աշխատակազմը: Այդ ժամանակ ՆԳՆ-ի աշխատակիցներին ձեռքին չկար հրաձգային զենք, ինչի համար էլ չէր կարող հրաման արձակվել դրա կիրառման մասին:
Դրանից հետո այդ իրադարձությունները զարգացան անհավանական արագությամբ: Ընդդիմությունն անցավ օրենքի բոլոր սահմաններն ու սկսեց զինել ապստամբներին: Միայն մեկ օրում՝ փետրվարի 18-ին, հրաձգային վնասվածքներից զոհվել է ոստիկանության ավելի քան մեկ տասնյակ աշխատակից: Կասե՞ք խնդրեմ, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ, եթե ցուցարարները չունենային զենք»: