Օբամայի վարկանիշը զգալիորեն բարձրացել է
Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի տնտեսության աճի ֆոնին երկրի նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը հասել է վերջին 20 ամսվա առավելագույն ցուցանիշի: Այս մասին են վկայել ORC-ի հետ համատեղ CNN-ի անցկացրած հարցման արդյունքները:
Դրանց համաձայն՝ ներկայումս ամերիկացիների 48 տոկոսն աջակցում է երկրի նախագահի քաղաքականությանը: Վարկանիշի բարձրացումը գլխավորապես տեղի է ունեցել երիտասարդության ու կանանց շրջանում Օբամայի հանրաճանաչության մեծացման (10 տոկոս) հաշվին:
Վերլուծաբանների կարծիքով՝ տնտեսական հաջողություններից բացի, Օբամայի վարկանիշի վրա դրականորեն են ազդել նաև Կուբայի հետ հարաբերությունների կարգավորումը: Սակայն Օբամայի աշխատանքից դժգոհների թիվը նախկինի նման մեծ է:
56 տոկոսը հայտարարել է, որ Օբաման չի արդարացրել իրենց ակնկալիքները, իսկ 49 տոկոսը հայտնել է, որ նրա վարած քաղաքականությունը երկիրը տանում է ոչ ճիշտ ուղղությամբ: