«Հայաստանը հայտնվել է աշխարհագրական թակարդում»

Ի՞նչը հանգեցրեց աշխարհաքաղաքական ներկայիս ճգնաժամին` Արևմուտքի և Ռուսաստանի առճակատմանը քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ, և ի՞նչ վերջնական հետևանքներ կունենան այս գործընթացները Ռուսաստանի համար: Այս հարցը, Հայաստանում ֆինանսատնտեսական բացասական զարգացումների համապատկերում, արդիական է դարձել նաև մեր երկրի համար:

Կարող ենք արձանագրել, որ Արևմուտքի կամ Եվրաատլանտյան դաշինքի անդամների և Ռուսաստանի հակասությունները սրվեցին հատկապես սիրիական խնդրի շուրջ, երբ Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո դրեցին Սիրիայում արտաքին ռազմական միջամտության օրինագծի վրա: Իսկ արդեն ուկրաինական ճգնաժամի և Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետևանքով հակասությունները վերածվեցին ուղղակի հակամարտության: Դրան հաջորդեց Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ մի քանի փուլերով պատժամիջոցների սահմանումն ու կիրառումը, ինչպես նաև` նավթի համաշխարհային գների անկումը: Այս գործընթացները, ցավոք սրտի, ծանր հետևանքներ ունեցան ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի վրա:

Բրուքինգսի ինստիտուտի (Վաշինգտոն) առաջատար հետազոտող, «Չեթհեմ Հաուսի» (Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ, Լոնդոն) ավագ գիտաշխատող, պատմագիտության դոկտոր, քաղաքագետ Լիլյա Շևցովան իրավիճակը սրելու համար առաջին հերթին մեղադրում է պուտինյան իշխանությանը:

Պատասխանելով «168 Ժամի» հարցերին` նա հայտարարեց, որ Ռուսաստանը հասել է տնտեսական կործանման եզրին, որովհետև Ռուսաստանի տնտեսական մոդելը պարզապես դատապարտված է` մենաշնորհային բնույթի, հումքի արտահանումից կախված լինելու և մի շարք այլ պատճառներով: Քաղաքագետը կանխատեսում է, որ սա Ռուսաստանի համար կունենա նաև սոցիալական հետևանքներ, որովհետև «հեղափոխությունն իրականացնում է բնակչությունը, որը սկսում է ավելի վատ ապրել, քան մինչ այդ»: Եվ այս պայմաններում դեպի ԵՏՄ ընթացող Հայաստանը, ըստ Շևցովայի, չի կարող հույս դնել Մոսկվայի օգնության վրա:

«Պետք է սթափ նայել աշխարհին և նոր ժամանակներին»,- խորհուրդ է տալիս ուկրաինական ծագումով հեղինակավոր վերլուծաբանը:

– Տիկին Շևցովա, ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում ներկայիս աշխարհաքաղաքական վիճակը: Մի կողմից` Ռուսաստանը մեղադրում է ԱՄՆ-ին «միաբևեռ աշխարհ» կառուցելու համար և, ըստ էության, դնում աշխարհակարգի, համաշխարհային քաղաքականության կանոնների վերանայման հարցը, մյուս կողմից` Արևմուտքը դիմում է Ռուսաստանի դեմ խիստ միջոցների: Ըստ Ձեզ` ի՞նչ նպատակ է հետապնդում Արևմուտքն այդ քաղաքականությամբ: Կարելի՞ է ասել, որ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները չհանդուրժեցին այն, որ Ռուսաստանը, նախ մտնելով Աբխազիա ու Հարավային Օսիա, այնուհետև` Ղրիմ, իսկ հետո` նաև միջամտելով Դոնբասի պատերազմին, սկսեց աստիճանաբար վերադառնալ կայսերական քաղաքականությանը:

– Խոսքն այսօր ախտորոշման մասին է, որովհետև Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները Սառը պատերազմից ու ԽՍՀՄ փլուզումից հետո ամենախորը ճգնաժամի մեջ են: Ոչ, չի կարելի խոսել նոր Սառը պատերազմի մասին, քանի որ այսօր չկան նախկին բաղադրիչներից շատերը` գաղափարախոսությունների բախում, երկու համաշխարհային դաշինքների առճակատում և մրցակիցների պոտենցիալի մոտավոր հավասարություն: Բայց կասկած չկա, որ սա նույնպես դիմակայություն է, և հնարավոր է` այն ավելի վտանգավոր է, քան Սառը պատերազմը, որովհետև նախևառաջ` ոտնահարվել են խաղի կանոնները, երկրորդը` Ռուսական համակարգն անկման մեջ է և արդեն անցել է ռազմական պարադիգմայում գոյատևելուն: Սա այդ համակարգն ավելի ագրեսիվ ու անկանխատեսելի է դարձնում: Բայց սա ամենը չէ: Դուք ասում եք, որ Ռուսաստանի ղեկավարությունը համարում է, թե Ամերիկան կառուցում է «միաբևեռ աշխարհ», և դա բերել է իրավիճակի սրմանը: Ես անկեղծորեն եմ ասում` չգիտեմ, թե ինչ են մտածում Պուտինն ու իր շրջապատը:

Եթե նրանք համարում են, որ ԱՄՆ-ը կառուցում է «միաբևեռ աշխարհ», ուրեմն նրանք խնդիրներ ունեն տեղեկությունների և տրամաբանության հետ, իսկ դա արդեն շատ վտանգավոր է, որովհետև ծնում է ոչ ադեկվատ քաղաքականություն: Իրականում Օբաման մեկ խնդիր է փորձում լուծել` խուսափել համաշխարհային պատասխանատվությունից և զբաղվել ներքին քաղաքականությամբ: Նրան բացարձակապես չեն հետաքրքրում միջազգային նկրտումները: Եվրամիությունը ճգնաժամի մեջ է, ՆԱՏՕ-ն էլ վաղուց կորցրել է իր առաքելությունը: Եվ ընդհանրապես լիբերալ ժողովրդավարությունը վերջին տարիներին գտնվում է կաթվածահար վիճակում և անտարբեր է դարձել շրջակա աշխարհի նկատմամբ:

Մի խոսքով, Ռուսաստանն Արևմուտքին չէր հետաքրքրում: Եվ ուկրաինական ճգնաժամը չէ Մոսկվայի ու Արևմուտքի հակամարտության պատճառը: Պուտինի` Արևմուտքին զսպելու մասին նոր դոկտրինը ձևավորվել է դեռ մինչև Մայդանը` 2012-13 թթ.: Դա պատասխանն էր 2011-12 թթ. Ռուսաստանում բողոքի ցույցերին, երբ Կրեմլը փորձեց պահպանել իր իշխանությունը ռազմական ժամանակաշրջանի անցնելու միջոցով:

Այնպես որ, առճակատման պատճառն այն է, որ Մոսկվան սկսեց որոնել Ռուսական համակարգի գոյատևման միջոցներ: Իսկ նոր պարադիգման պահանջում էր թվացյալ թշնամու կերպար. թշնամին վաղուց հայտնի է` Արևմուտքը:

Ինչ վերաբերում է արևմտյան պատժամիջոցներին, լիբերալ ժողովրդավարությունները մինչև վերջ փորձեցին ձգձգել դրանց կիրառումը, բայց նրանք չէին կարող չարձագանքել Ղրիմի անեքսիային` Եվրոպայի սահմանների խախտմանը: Դա տաբու է: Եվ Արևմուտքն արձագանքեց:

Սակայն ողբերգությունն այն է, որ պատժամիջոցները չեն կարող փոխել ոչ Ռուսական համակարգի հետագիծը, ոչ էլ ռուսաստանյան իշխանության ռեժիմի էությունը: Ռուսաստանը ներկայիս իշխանության պարագայում չի կարող դուրս գալ ռազմական պարադիգմայից և շրջակա աշխարհի նկատմամբ կասկածամտության տրամաբանությունից: Պուտինը կարող է փոխել մարտավարությունը, բայց Կրեմլը կառաջարկի Արևմուտքին զսպելու և թշնամիներ փնտրելու քաղաքականություն. սա բռնապետության օրինականացման ավանդական քաղաքականությունն է:

Խնդիրն այն է, որ այդ քաղաքականությունը Ռուսաստանը մտցրել է փակուղի, և երկիրը մոտեցել է տնտեսական կործանման եզրին:

– Ռուբլու հետագա արժեզրկումն ու Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումը կարո՞ղ են, ի վերջո, հանգեցնել ներքաղաքական լուրջ ցնցումների կամ ընդհանրապես Ռուսաստանում իշխանափոխությանը:

– Ռուսաստանը մտել է տնտեսական ռեցեսիայի փուլ: Բայց դրա պատճառն անգամ կառավարության սխալները չեն. պատճառը համակարգային սխալներն են: Ռուսական տնտեսությունը պարզապես դատապարտված է` իր մենաշնորհային բնույթի, սեփականության երաշխիքների ու դատարանի բացակայության և հումքի արտահանումից կախված լինելու պատճառով:

Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է սկսում փլուզվել այդ տնտեսության բուն մոդելը: Ճիշտ է` իշխանությունը դեռ ունի որոշ ռեսուրսներ (մոտ 400 մլրդ դոլար)` մանևրելու համար, բայց այդ «բարձիկը» շատ քիչ ժամանակ կբավականացնի: Եթե նավթի գները բարձրանան, և պատժամիջոցները թուլացնեն, տնտեսությունը կարող է ինչ-որ չափով շունչ քաշել, բայց «հիվանդն», ինչպես ասում են, այլևս ոտքի չի կանգնի: Հետևաբար, տնտեսական անկումը կունենա նաև սոցիալական հետևանքներ: Հեղափոխությունն իրականացնում է բնակչությունը, որը սկսում է ավելի վատ ապրել, քան մինչ այդ: Ինքը` իշխանությունը, հող է նախապատրաստում նոր հեղափոխության համար:

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հակաամերիկյան քաղաքականության կարևոր տարրերից մեկը Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու նախագիծն է: Հաշվի առնելով այդ միության հիմնական ու գլխավոր խաղացողի ներկայիս ծանր տնտեսական վիճակը` հնարավո՞ր է, որ ԵՏՄ-ն ընդհանրապես չկայանա:

– Եվրասիական միությունը պարզապես Պուտինի հորինվածքը կամ խաղալիքը չէ: Խնդիրն այն է, որ ռուսաստանյան համակարգը պահանջում է իր համաստեղության ձևավորումը: Ռուսաստանը դեռ վերջնականապես չփլուզված կայսրություն է, որը չի կարող ապրել առանց արբանյակների: Սակայն այսօր այդպիսի համաստեղության ձևավորումը պահանջում է ոչ այնքան ռազմական ճնշում, որքան ֆինանսական ռեսուրսներ` հավատարմության դիմաց վճարելու համար:

– Ռուսներն այսպիսի խոսք ունեն. «երբ տերերը կռվում են, ճորտերի ատամները ճռթճռթում են»: Հայաստանի տնտեսությունը ևս ծանր կորուստներ կրեց, և հայկական դրամը վերջին մեկ ամսվա ընթացքում նույնպես շեշտակիորեն արժեզրկվեց: Այս համատեքստում որքանո՞վ եք ճիշտ համարում ԵՏՄ-ին միանալու մասին Հայաստանի ղեկավարության որոշումը: Ձեր գնահատմամբ` Հայաստանի իշխանությունները գնացին այդ քայլին` կարծելով, որ Հայաստանը կարող է տնտեսական օգուտնե՞ր ստանալ այդ անդամակցությունից, թե՞ նրանք որոշեցին պարզապես չզայրացնել «ավագ եղբորը», ավելի ճիշտ` այսօր արդեն «վիրավոր ավագ եղբորը»:

– Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներն, իհարկե, ազդում են այն երկրների վրա, որոնք կապված են Ռուսաստանի հետ: Սա բնական է: Տեսեք, թե ի՛նչ ազդեցություն է ունենում ռուսաստանյան ճգնաժամն ու ռուս-ուկրաինական պատերազմը Բելառուսի վրա: Բանը հասավ արդեն չլսված մի երևույթի, և Լուկաշենկոն հրամայեց վերականգնել մաքսակետերը Ռուսաստանի հետ սահմանին: Իսկ դա արդեն հարված է Եվրասիական միությանը:

Ես դժվարանում եմ ասել, և իմ կողմից կոռեկտ չի լինի գնահատել` ճի՞շտ էր, թե՞ սխալ, որ Հայաստանը որոշեց միանալ Եվրասիական միությանը: Համենայն դեպս, երբ նայում ես քարտեզին, դժվար է խուսափել եզրակացությունից. Հայաստանը մի երկիր է, որը հայտնվել է աշխարհագրական թակարդում: Նա ստիպված է մանևրել ու որոնել ուժեղ տերության աջակցությունը: Խնդիրն ավելի է բարդանում Ադրբեջանի հետ հակամարտության չլուծված լինելու պայմաններում: Սա ողբերգություն է ազգի ու պետության համար:

Ըստ երևույթին` Հայաստանի առաջնորդն այս իրավիճակում մանևրելու հնարավորություն չի գտել: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ դժվար է եղել նրա համար 2013 թ. սեպտեմբերին, և ինչով է ուղեկցվել Եվրասիական միություն մտնելու որոշումը. ըստ երևույթին Հայաստանին առաջարկվել է և՛ մտրակ, և՛ բլիթ:
Բայց եթե այսօր Ռուսաստանը մտնում է տնտեսական ճգնաժամի շրջան, ապա Հայաստանը չպետք է հույսը դնի հատուկ դիվիդենտների և Մոսկվայի օգնության վրա: Պետք է սթափ նայել աշխարհին և նոր ժամանակներին:

Պետք է հասկանալ այն խնդիրները, որոնց Ռուսաստանը բախվել է իր ղեկավարության պատճառով, և ինչպիսի դժվարին ճանապարհ պետք է անցնի Ռուսաստանը, որպեսզի դուրս գա փակուղուց: Քաղաքականությունն այսօր պետք է կառուցել սթափության ու իրականության ադեկվատ գնահատականի վրա:

Տեսանյութեր

Լրահոս