Ինչո՞ւ են այսքան տարի հետո հրաժարվում պետական պարգևներից. պարզաբանում են զինծառայողները

Պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ պարզաբանեց, թե ինչու որոշեցին այսքան տարի հետո կառավարությանը վերադարձնել իրենց շքանշանները։

«Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հռչակվեց ազատագրական պայքարի գաղափարական հիմքով, որի արդյունքում էլ 30 տարի շարունակ տարածաշրջանում ունեցել ենք թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, և ինչու ոչ՝ նաև աշխարհաքաղաքական ազդեցություն։

Իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո պարբերաբար սկսեցինք զիջել թե՛ տարածքային, թե՛ արժեքային համակարգը։ Փաստաթղթի ստորագրմամբ ամեն ինչ չվերջացավ. սկսեցին հրաժարվել պայքարի ձևերից, իսկ ամենացավալին այն է, որ սկսեցին հրաժարվել մեր ինքնությունից, ազատությունից, մեր պայքարելու իրավունքից։ Դրա համար էլ եկել ենք՝ ի նշան բողոքի մեր ձայնը բարձրացնելու, և դրա միջոցը շքանշանները հետ վերադարձնելն է»,-ասաց նա։

Նշեց, որ եկել են ասելու, որ այս քաղաքական իշխանությունը զբաղված է ապազգային և ապաքաղաքական գործունեությամբ․«Դրա վառ վկայությունն է պետականության ապամոնտաժումը»։

Արման Պետրոսյանը նշեց, որ 2012 թ.-ից ի վեր տարբեր պարգևներ է ստացել սխրանքների համար։ Նա նաև 44-օրյա պատերազմին մասնակցելու համար պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանով։

Պետրոսյանն ընդգծեց՝ իրենք պայքարելու են մինչև վերջ, որպեսզի հային ու Հայաստանին վերադարձնեն արժանապատվությունը և պայքարելու ոգին։

Տեսանյութեր

Լրահոս