Այս կառավարությունը իր սխալները չխոստովանելու համար խմբագրում է մեր պատմությունը

Արցախյան պատերազմի մի քանի մասնակիցներ ի նշան բողոքի՝ հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ վերադարձնելու հայրենիքին մատուցած ծառայությունների համար ստացած պարգևները՝ մեդալները։

«Այս կառավարությունն իր սխալները սրբագրելու, իր սխալները չխոստովանելու համար փորձում է սրբագրել մեր պատմությունը, այն պայքարը, դժվարությունները, որ մենք ենք ունեցել և որի համար արյուն ենք տվել, փորձում է զրոյացնել և ասում է, որ վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով մեր հանրապետությունը հռչակվել է և եղել է պետության գաղափարական հիմքը՝ կեղծ է եղել, սուտ է եղել և գոյություն չունի»,-լրագրողների հետ զրույցում ասաց պատերազմի մասնակից Հովսեփ Ղազարյանը։

Նա նշեց, որ ի նշան բողոքի՝ ինքը և իր մարտական ընկերները որոշել են 44-օրյա պատերազմի ժամանակ ստացած շքանշանները հետ հանձնել։

«Մենք դա ստացել ենք մարտական գործողություններին մասնակցելու համար և չենք կարող այս շքանշանները այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, գաղափար ու զոհողություն՝ դրված շքանշների հիմքում, զրոյացվել է, և ասում են՝ դա ուղղակի չի եղել»,-ասաց նա։

Նշեց, որ շքանշանները ստացել են և՛ Արցախի, և՛ ՀՀ նախագահներից․ «Ես կհանձնեմ իմ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանը և մարտական ծառայության համար ստացած մեդալները»։

Տեսանյութեր

Լրահոս