Պակիստանում թալիբների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` առնվազն 26 մարդ է զոհվել և ավելի քան 45 մարդ է վիրավորվել Պակիստանի Փեշավար քաղաքի դպրոցի վրա թալիբների իրականացրած հարձակման հետևանքով: Զոհվածներից 20-ը դպրոցականներ են:
Այս մասին հայտարարել են քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները: Նրանց խոսքերով` դպրոցի շենքում գրանցվել է ուժգին պայթյուն: Նախնական տվյալներով` զինյալներն ունեն մահապարտի գոտի, նռնակներ ու ավտոմատ զենք:
Հայտնի է, որ ծայրահեղակաները կրել են պակիստանցի զինվորականների հագուստ, մոտոցիկլետներով մոտեցել են ուսումնական հաստատության շենքին ու անկանոն կրակ են բացել անվտանգության աշխատակիցների վրա:
Դրանից հետո զինյալները փողոցում գտնվող երեխաներին մտցրել են շենքի մեջ և սկսել են կրակել դեպքի վայր ժամանած ոստիկանների ու զինվորականների վրա: Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ շենքում կարող է գտնվել մոտ 500 ուսանող ու ուսուցիչ:
Ահաբեկչության պատասխանատվությունն արդեն իսկ ստանձնել է «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» շարժումը: Ահաբեկիչները դեռ առաջ չեն քաում որևէ պահանջ: