Ժողով՝ առանց գործընկերների

Երեկ «Ժառանգությունն» Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել, որը կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն անվանում է քաղաքացիական ժողով: Չնայած Հովհաննիսյանը կոչ էր արել մյուս կուսակցություններին ևս միանալ քաղաքացիական ժողովին, սակայն ոչ իշխանական եռյակի շրջանակներում «Ժառանգության» գործընկերներ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն բոյկոտել էին Րաֆֆի Հովհաննիսյանի ժողովը, ինչը միանգամայն հասկանալի է. ինչպե՞ս կարող էին այդ կուսակցությունների ներկայացուցիչները ներկա լինել այդ հավաքին, եթե «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը դրա ընթացքում հայտարարում է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրին կողմ քվեարկողները դավաճաններ են և պետք է պատասխան տան իրենց քվեարկության համար՝ նկատի ունենալով նաև ՀԱԿ և ԲՀԿ պատգամավորներին:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ իհարկե, փորձել է հերքել Փոստանջյանին՝ ասելով, որ դավաճանության մասին խոսք անգամ լինել չի կարող, և բոլոր քվեարկողները մեր հայրենակիցներն են: Նա նաև հույս է հայտնել, որ ի վերջո Հայաստանը կունենա հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չի պաշտպանել կողմերից որևէ մեկի տեսակետը՝ ողջունելով և՛ Արմեն Մարտիրոսյանի, և՛ Զարուհի Փոստանջյանի ելույթները, որոնց, ըստ էության, հերթական անգամ արտահայտել են «Ժառանգությունում» առկա տարաձայնությունները՝ արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս