«Մինչև երեք տարեկան երեխաներին արգելվում է տալ…». մանկաբույժ

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը և մանկաբույժ, գիտությունների թեկնածու Լուսինե Սիմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան Եղվարդի մանկապարտեզի երեխաների թունավորման դեպքին ու մանկապարտեզներում առկա սխալ սննդակարգին:

Բաբկեն Պիպոյանն ասաց, որ Եղվարդի մանկապարտեզի երեխաների թունավորման դեպքից անցել է մեկ շաբաթ, բայց պատասխանատու կողմերը՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայութունն  և Առողջապահության նախարարությունը մինչ օրս չեն ասել, թե որն է երեխաների թունավորման պատճառը.

«Փորձաքննությունների ժամկետ կա, բայց իրականում կան շատ ավելի կարևորագույն խնդիրներ, ինչի մասին չի խոսվել: Դեռևս ամռանը մանկապարտեզներին փտած, վերամշակված հավեր էին մատակարարել, ինչը բացահայտվեց ոչ թե Երևանի քաղաքապետարանի,  մանկապարտեզի տնօրենի կամ  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, այլ ոստիկանության կողմից: Ամբողջ աշխարհում տեղի է ունենում հակառակ գործընթացը: Պատկան մարմինները բացահայտում են ամեն ինչ, հետո հանձնում  են ոստիկանությանը:

Մենք տվեցինք գործողությունների պլան, պատկան մարմինները ծածկադմփոցն արեցին, ասացին, թե  գնացել ենք մանկապարտեզներ ու  ստուգումներ անցկացրել և  ամեն ինչ նորմալ է: Չի եղել դեպք, երբ որևէ լրատվամիջոց կամ ՀԿ մտնեն մանկապարտեզ, շրջայց անեն ու խնդիր չհայտնաբերեն: Իսկ չի եղել դեպք, երբ պատկան մարմինները մտնեն մանկապարտեզ, որևէ ստուգում անեն ու ինչ որ բան հայտնաբերեն»,- պարզաբանեց նա:

Բ. Պիպոյանի կարծիքով՝ այդ ծածկադմփոցը բերել է հերթական դեպքին. «Այսօր մանկապարտեզին սննդամթերք մատակարարող ընկերությունների առջև դրված չէ տեղափոխման, պահպանման պայմաններ  ունենալու խնդիրը: Եթե այս երկու պայմանները դրված չեն, ապա կարելի է խանութից գնել ամենաընտիր մթերքը և մանկապարտեզ հասցնելու ճանապարհին փչացնել: Մի մարմինն ասում է՝ ես չեունեմ տեղեկություն, թե ով է մատակարարում, մյուսն ասում է՝ ինձնից չեն ուզել, ես չեմ տվել:

Օրենքով գրված է, որ սննդի շղթան ստուգում է Սննդամթերքի  անվտանգության պետական ծառայությունը: Գրված է նաև որ սննդի շղթայի հետ գործ ունեցող տնտեսվարողը, օրենքով սահմանված կարգով, պետք է գրանցվի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում: Տնտեսվարողն օրենքը խախտել է. չի գրանցվել»,- նշեց նա:

Բանախոսը նկատեց՝ ԱՆ առաջին իսկ հայտարարության մեջ մինգամից ասվում է` հավանաբար թունավորումը սննդային է, իսկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հստակ ասում է, թե գնացել ու պանրի, հավի, ձվի նմուշ է վերցրել. « Հայտարարության մեջ ոչ մի տառ չկա այն մասին , որ նույն երեխաները առավոտյան կերել են կաթնաշոռ, թվվասեր: Թե ո՞ր ֆիրմայի, ի՞նչ խմբաքանակի,  ոչինչ չի ասվում: Ոստիակության և լրագրողական հետաքննության արդյունքում պարզվում , որ երեխաները կերել են նաև նրբերշիկ: Երբ ոստիկանությունը դա հաստատեց, նոր ասում են, որ որոշել են գնալ՝ ստուգելու: Ինչո՞ւ չէր ասվում, որ երեխաները կերել են նրբերշիկ»:

Մանկաբույժ Լուսինե Սիմոնյանն առանձնացրեց այն մթերքների ցանկը, որոնք թույլատրվում են տալ երեխաներին. «Մինչև երեք տարեկան երեխաներին արգելվում է տալ երշիկ, նրբերշիկ, խոզի և ոչխարի միս, խտացրած կաթ, մեղր, արհեստական հավելումներով սննդամթերքներ և գազավորված ըմպելիքներ: Մանկապարտեզի սնունդը պետք է լինի ռացիոնալ և դիետոլոգների կողմից հաշվարկված էներգետիկ արժեքով այնպիսին, որ չվնասի եեխայի առողջությանը:

Երեխայի սխալ սննդակարգը կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների: Երեխաների մոտ հայտնաբերված դիզենտերիան կարող է առաջացած լինել մսամթերքից կամ կաթնամթերքից: այսինքն՝ այն կաթնամթերքը, որն ստանում է մանկապարտեզը պետք է անպայման ստուգված լինի»,-ասաց մանկաբույժը:

 

Տեսանյութեր

Լրահոս